Հնարավո՞ր է՝ 2020 թվականը լինի սակավաջուր տարի

Հնարավո՞ր է՝ 2020 թվականը լինի սակավաջուր տարի

ԷկոԼուր

Ձմռան շարունակվող տաք և չոր եղանակի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերն այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկն ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։ 

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,- գրել է Սուրենյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով Հայաստանի հինգ խոշոր ջրամբարների լցվածության մակարդակը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ  կրկնակի և եռակի անգամ պակաս է նախորդ տարվա նույն օրվա համեմատ, բացառությամբ` Ախուրյանի ջրամբարի: 

Ախուրյանի ջրամբար՝

Տարողությունը՝ 525 միլիոն խմ: Ջրի ծավալը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կազմել է 212 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 117 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Արփի լիճ՝

Տարողությունը՝ 105 միլիոն խմ: Ջրի ծավալը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կազմել է 7.20 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 38.8 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Ապարանի ջրամբար՝

Տարողությունը՝ 91 միլիոն խմ: Ջրի ծավալը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կազմել է 14.5 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 17.2 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Ազատի ջրամբար՝

Տարողությունը՝ 70 միլիոն խմ: Ջրի ծավալը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կազմել է 11.2 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 21.2 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Մարմարիկի ջրամբար՝

Տարողությունը՝ 24 միլիոն խմ: Ջրի ծավալը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կազմել է 2.27 միլիոն խմ՝ 2019 թ. նույն օրվա 4.63 միլիոն խմ-ի համեմատությամբ:

Լուսանկարում՝ Ազատի ջրամբարն է

 

13:02 Հունվար 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news