Ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 2018 թվականին ռեկորդային է եղել

Ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 2018 թվականին ռեկորդային է եղել

ԷկոԼուր

Ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 2018 թվականին ռեկորդային է եղել. դրանց ազդեցությունը գլոբալ տաքացման վրա 1990 թվականի համեմատությամբ ուժեղացել Է 43 տոկոսով: Այս մասին նշված է ԱՄՆ-ի Օդերևութաբանության ընկերության զեկույցի մեջ, որը տարածել են ԶԼՄ-երը:

Ինչպես նշված է, մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակությունը հասել է պատմության մեջ ամենաբարձր մեծությանը՝ 407,4 մասի մեկ միլիոնի հաշվով: Նաև զեկույցում ասված է, որ 2018 թվականը մտել է պատմության մեջ ամենատաքերի քառյակը: Ընդ որում, մյուս երեք տարիներն են՝ 2015, 2016 և 2017 թվականները: 2016 թվականը եղել է ամենատաք տարին դիտարկումների սկզբից ի վեր, որոնք սկսել են կատարվել 1800-ական թվականների կեսերին:

Բացի դրանից, Համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակը գերազանցել է ռեկորդն արդեն յոթերորդ տարին անընդմեջ այն ժամանակից ի վեր, երբ 26 տարի առաջ դրան սկսեցին հետևել արբանյակների միջոցով: 1993 թվականից ջուրը բարձրացել է 81 միլիմետրով, ասված Է հաշվետվության մեջ: Ներկայում ջրի մակարդակը բարձրանում է տասը տարում մոտավորապես 3,1 սանտիմետրով, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին նոր համաձայնագիր կլիմայի վերաբերյալ, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Այդ շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:

Հայաստանը վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը 2017 թվականի փետրվարի 9-ին: Հայաստանը «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

 

14:45 Օգոստոս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news