Օրենսդրական սահմանափակումներ՝ ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառման ոլորտում

Օրենսդրական սահմանափակումներ՝ ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառման ոլորտում

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օզոնային շերտը քայքայող նյութերի հետ իրավակարգավորման ենթարկել նաև այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ հիդրոֆտորածխածինների ՀՀ-ում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

Հիդրոֆտորածխածինները Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են 2016 թ-ի հոկտեմբերի 15-ին՝ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ընդունված փոփոխություններով: Կիգալիի փոփոխությունը նախատեսում է հիդրոֆտորածխածինների գործածման փուլային կրճատում, քանի որ օզոնաքայքայիչ նյութերին այլընտրանք հանդիսացող հիդրոֆտորածխածինների օգտագործումն արագորեն աճում է, որոնք, հանդիսանալով հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի գլոբալ փոփոխությանը:

Հիդրոֆտորածխածինների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կօգնի մինչեւ 2100 թ-ը ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչեւ 0.5 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Ըստ փաստաթղթի՝ ակնկալվում է, որ օրենքը կարտացոլի ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ դրանից բխող իրավակարգավորումներով պայմանավորված, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումները՝ նպաստելով ոլորտում իրականացվող պետական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը և հասարակական հարաբերությունների արդյունավետ և անխափան կանոնակարգմանը:

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։ Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։

Օզոնային շերտը փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։ Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարությամբ ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկրի վրա։

17:34 Հունվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news