Երևանում 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային համակարգեր

Երևանում 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային համակարգեր

ԷկոԼուր

Մայրաքաղաք Երևանում «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 90 շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր: Դրանք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում՝ ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Արդեն իսկ ավարտվել և ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:

«Սա քաղաքի համար կարևոր ծրագիր է, որը նաև քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մեծամասնության համաձայնությամբ ու մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ շինարարական աշխատանքների համար թույլտվությունները պետք է տրամադրվեն բնակիչների դիմումների հիման վրա:

Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ և նկատել, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»-ն իր ծավալներով և բնապահպանական նշանակությամբ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի համար:
Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:

18:01 Հոկտեմբեր 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news