Թեհմինե Ենոքյան` Երևանում անցկացված կանաչապատման մրցույթները ձևական բնույթ են կրել

Թեհմինե Ենոքյան` Երևանում անցկացված կանաչապատման մրցույթները ձևական բնույթ են կրել

Արմանուշ Գևորգյան` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Կանաչապատման ոլորտը մենաշնորհված է եղել Երևանի նախորդ քաղաքային իշխանությունների կողմից, իսկ բաց մրցույթները ձևական բնույթ են կրել: Այս բացահայտումն արել է լրագրող, այժմ արդեն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Թեհմինե Ենոքյանն իր հեղինակային՝ «Կանաչապատման բաց մրցույթի փակ շղթան» ֆիլմում:

Ըստ Թեհմինե Ենոքյանի` մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար քաղաքապետարանը ստեղծել է 13 կազմակերպություն: «Իրենք ապրանքաշրջանառության միջոցով դուրս են գրում բավականին գումարներ և դրանով հնարավոր չի լինում վերահսկել՝ արդյոք այդ ծաղիկը, ծառը կամ այդ ծառայությունը հենց այդքան արժե, ինչքան, որ գրված է։ Ամբողջ շրջանառությունը տեղի է ունենում փակ շղթայի միջոցով: Այս ամենը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Մասնավորապես, «Երևան» և «Փյունիկ» հիմնադրամների միջոցով վերջին տարիներին տեղի են ունեցել տարբեր կասկածելի ֆինանսական գործարքներ՝ այդ թվում նաև կանաչապատման ոլորտում, իսկ դրանց վերաբերյալ հաշվետվությունները չկան։ Հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում», - ասաց Թեհմինե Ենոքյանը:

«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը եղել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ «Փյունիկ» հիմնադրամինը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը:

Թեհմինե Ենոքյանին անհանգստացնում են ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի էկոլոգիական խնդիրները, հատկապես` հանքարդյունաբերությամբ պայմանավորված: Պատգամավոր ընտրվելու դեպքում նա պատրաստվում է մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին:

«Ինձ համար առաջնային խնդիրն Ամուլսարի և հանքարդյունաբերության թեման է, համարում եմ, որ ընտրապայքարի ժամանակ բնապահպանությունը միշտ դուրս է մնում օրակարգից: Ես ինձ վրա ստանձնել եմ այս օրակարգն առաջ տանելու խնդիրը՝ էկոլոգիապես ավելի մաքուր շրջակա միջավայր ապահովելու համար։ Մարդկանց համար այլընտրանքային բիզնես մոդելներ մշակելու, միգուցե, այլ մոդելներ ստեղծելու, որպեսզի մարդիկ կարողանան հանքարդյունաբերությունից ազատվել և դրա վնասակար ազդեցությունը մեղմել: Քանի դեռ Ամուլսարին հարակից տարածքներում ապրող մարդիկ որոշել են, որ իրենց նոր հանք պետք չէ, ապա իրենց իրավունքների խախտված լինելու փաստը պետք է բարձրաձայնել ամեն օր, ամեն ժամ», - ասաց Թեհմինե Ենոքյանը:



Նոյեմբեր 30, 2018 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր