Վայոց ձորի նախկին մարզպետը ՀՀ վարչապետին՝ ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին Ջերմուկի վրա չանդրադառնա

Վայոց ձորի նախկին մարզպետը ՀՀ վարչապետին՝ ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին Ջերմուկի վրա չանդրադառնա

ԷկոԼուր

Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրի ռիսկերի մասին տեղեկատվություն ներկայացրեց 2012-2014թթ. Վայոց ձորի մարզպետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Էդգար Ղազարյան.
-Ոսկու կորզման ֆաբրիկան նախատեսված էր, որ պետք է լիներ Գորայքում՝ Սպանդարյան ջրամբարի ջրավազանում: Այն ժամանակ մեր կողմից պահանջ դրվեց, և հանրապետության նախագահն էլ իրենց դիմեց, իրենք ամբողջ իրենց լոգիստիկ սխեմաները լռիվ փոխեցին, բերեցին գործարանը դրեցին Գնդեվազից ներքև՝ Կեչուտի ջրամբարի տակ: Հիմա որ Դուք արդարացիորեն ասում եք, որ ջրային ռեսուրսներին չվնասի, դա եղավ այդ փոփոխություններից հետո…
Նիկոլ Փաշինյան.
-Մի րոպե, նախագծում փոփոխությո՞ւն է եղել:
Էդգար Ղազարյան.
-Այո
Նիկոլ Փաշինյան.
-ՇՄԱԳ-ից հետո՞:
Էդգար Ղազարյան.
-Այո,
Նիկոլ Փաշինյան.
-ՇՄԱԳ-ից հետո փոփոխություն է եղել, բայց Ինչպե՞ս չի ֆիքսվել այդ փոփոխությունը:
Էդգար Ղազարյան.
-Ֆիքսված է: Իրենք ի սկզբանե նախատեսել էին ոսկու կորզման ֆաբրիկան տեղադրել Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի տարածքում: Հետո քանի որ ջրերը գնալու էին Սպանդարյան ջրամբար, այնտեղից թունելով Կեչուտի ջրամբար, այնտեղից Սևան, այսինքն, ամբողջ այդ ջրային ռեսուրսների վնասն այնտեղ էր, պահանջ ներկայացվեց իրենց, և իրենք փոխեցին ամբողջ նախագիծն ու լոգիստիկան, որպեսզի ոսկու կորզման ֆաբրիկան գոնե տեղադրվի Կեչուտի ջրամբարից ներքև, որպեսզի ջրամբար չլցվի ջուրը, Արփայի գետով էլ կլցվի, մնացած տեղերով էլ կգնա, դա իր հերթին, բայց ջրամբար գոնե չլցվի: Ու այդ նախագիծը, որ իրենք շահագործման իրավունք ունեին, բայց ուշացել է, հենց դրա պատճառով է եղել, որ ստիպված են եղել նախագծերում փոփոխություն անել: Բայց դա մենակ ջրերի վրա ազդեցության պրոբլեմն է: Այդ հանքն իր հետ այլ պրոբլեմներ ունի: Հանքն օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմեռն այնտեղ մետրով ձյուն է լինելու: Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 25 պայթեցում: Ամեն պայթեցումից բարձրանալու է մոտ 25 տոննա փոշի: Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա: Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխումը, գրունտային ճանապարհները, աղմուկը: Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ: 1930- ականներից են սկսել քաղաքը կառուցել ջրի վրա: Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել: Միութենական կուրորտ նշանակում էր, որ քաղաքի շառավղով, կարծեմ 50-60 կմ, որևէ հանքարդյունաբերություն և ծանր մետալուրգիական արդյունաբերություն չպետք է լինի քաղաքի շրջակայքում
Նիկոլ Փաշինյան.
-Միութենականին հղում անելն այդքան էլ ճիշտ չէ, պետք է այս պահին միջազգային ստանդարտներին նայել:
Էդգար Ղազարյան.
-Շատ ճիշտ բան եք ասում, որ ենթադրենք Հայաստանում գործող այլ մետաղական հանքավայրերի համեմատությամբ այս ընկերության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր է, այսինքն, իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական բաղադրիչին, լսում են, փորձում են բան փոխել, այսինքն, կառուցողական մոտեցում ունեն: Բայց ինչքան էլ իրենք այդ կառուցողական մոտեցումը ցուցաբերեն, Քաջարանն ի սկզբանե որպես հանք է ստեղծվել, բնակավայրերը հանքի շուրջ են ձևավորվել, այս քաղաքը որպես կուրորտ է ձևավորվել: Հիմա պատկերացրեք արդեն՝ այս մթնոլորտն այս քաղաքի վրա ազդում է: Պարզ է, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիներն իրենց ինվեստրների շահերը պաշտպանում են, գալիս են հանդիպման, Ձեզ էլ են ասում: Բա սա էլ է չէ՞ ինվեստիցիա:
Նիկոլ Փաշինյան.
-Ինձ, մի րոպե, հանդիպում ենք, խոսում ենք, բայց դա էս ամեն ինչի մեջ գործոն չէ, բացարձակ գործոն չէ: Ես ոնց որ հրապարակային ասել եմ, այս ամեն ինչի մեջ կարող է մեկ գործոն լինել՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահը, ուրիշ գործոն չկա: Բայց այդ փոփոխության մասին տեղեկատվությամբ ես կարող է մանրամասն հետաքրքրվեմ:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում



13:48 Օգոստոս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news