Հոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

ԷկոԼուր

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Հոկտեմբերի 4-ը որպես կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931 թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ: Աշխարհի բազմաթիվ երկրների՝ կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրն իրականացնում են տարաբնույթ զանգվածային միջոցառումներ և ակցիաներ:

Կենդանիների իրավունքների պաշտպանության բարձրաձայնումը նպատակ ունի բարձրացնել հասարակության գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների պաշտպանության հարցում:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների համաձայն՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ: Ըստ այդ տվյալների, մոտ ապագայում առհասարակ կդադարի գոյություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը:

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային Ժողովն ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժ սահմանող «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին:

Ըստ օրինագծի՝ տնային և անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) առանձին դաժանությամբ, 3) մանկահասակի ներկայությամբ, 4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ,պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

 

14:09 Հոկտեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news