Եվրոպացի կամավորներն աջակցում են Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

Եվրոպացի կամավորներն աջակցում են Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

Տաթև Ենոքյան ԷկոԼուրի համար

Հայաստանում էկոտուրիզմի զարգացման նպատակով Գերմանիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից ժամանած 35 կամավորներ հայաստանցի գործընկերների հետ էկոկրթական արահետներ և էկոտուրիստական ենթակառուցվածքներ ստեղծեցին Վայոց ձորի մարզի «Արփա» (նախկինում Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտում։
Կամավորները կահավորեցին և վերանորոգեցին «Արփա»-ում ստեղծված Նորավանքի, Բեզոարյան այծերի, Կաքավների արահետները, տեղադրեցին տեղեկատվական ցուցանակներ՝ արահետների, տարածքի բույսերի, կենդանիների, քարաքոսերի, սնկերի, թռչունների մասին։ Տեղեկատվական ցուցանակ տեղադրեցին Եղեգնաձորի մոտ գտնվող Սուրբ Կամրջի մոտ, որտեղով անցել է Մետաքսի ճանապարհը, Գնիշիկ գետի վրա կառուցեցին կամուրջ Նորավանք բարձրանալու համար, իրականացրեցին արահետի ամբողջական գծանշում՝ տարածքում կողմնորոշվելու նպատակով, կատարեցին տարածքի աղբահանություն, մաքրում, Արենիի համայնաքապետարանի պատին պատկերեցին Նորավանքը, տարածքի բնությունն ու էնդեմիկ կենդանատեսակները։

Այս աշխատանքներն իրականացվեցին «Բարև թրեյլզ» (BarevTrails) էկոտուրիզմի ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել են WWF-Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ աջակցությամբ։
«Ես կցանկանայի, որ սա լիներ փորձի փոխանակում և այն երիտասարդները, որոնք բնակվում են հարակից համայնքներում, տեսնելով այս ամբողջ աշխատանքները, սրտացավ լինեն և փորձեն իրենց ներդրումն ունենալ այս գործի մեջ»,- ասաց «Արփա» պահպանվող լանդշաֆտի տնօրեն Արուս Ներսիսյանը:
«Մենք ներկայացնում ենք տարածքի կենսաբազմազանությունը՝ բույսերը, կենդանիները, թռչունները։ Մեր նպատակն է նաև գիտելիք տալ էկոկրթության մասին», -ասաց «Barev Trails» ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը:
Կամավորներն իրենց աշխատանքներով ոչ միայն նպաստեցին էկոտուրիզմի ու էկոկրթության զարգացմանը, այլև իրենք էլ ծանոթացան հայկական մշակույթին ու ավանդույթներին. տեղացիների հետ պանիր հորեցին, մեղր քամեցին, ծանոթացան հայկական պարերին, մասնակցեցին Խաչիկի գաթայի փառատոնին:
«Ես սիրեցի Հայաստանը․ մարդիկ, սնունդը և բնությունը այստեղ հրաշալի են։ Դու զգում ես, որ ճիշտ տեղում ես, ծրագրի շնորհիվ ես լիովին սուզվեցի հայկական կենսակերպի և մշակույթի մեջ»,- ասաց շվեյցարացի կամավոր Ֆիլիպը։
«Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում լեռնային տուրիզմը զարգանա։ Վայոց ձորը բավականին մեծ պոտենցիալ ունի, այստեղ կարելի է ամեն ինչ անել՝ թե քայլարշավ, թե ժայռամագլցում, թե ձիարշավներ, թե արշավներ,և թե ալպինիզմով զբաղվել»,- ասաց կամավոր, լեռնային ուղեկցորդ, Աշոտ Դավթյանը:
«Barev Trails» ծրագրի շրջանակներում սա եվրոպացի կամավորների 2-րդ խմբի այցն է Հայաստան: Առաջին խումբը Հայաստան էր ժամանել 2018թ-ի մայիսին՝ աշխատելով պլանավորվող «Տաթև» ազգային պարկում։ Կամավորները բարեկարգել էին «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը, կառուցել էին 2 կամրջակ, տեղադրել էին բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ, իրականացրել էին արահետի ամբողջական գծանշում:





Լուսանկարները` Տաթև Ենոքյանի

16:34 Հոկտեմբեր 01, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news