ԷկոԼուր
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում շինարարությունը դադարեցվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այժմ ուսումնասիրվում է, թե արդյոք կառուցվող շինությունը գտնվում է բնության հուշարձանի սահմանների մեջ, թե` ոչ: Եթե անգամ սահմանների մեջ չէ, այն գտնվում է գետի անմիջական հարևանությամբ, դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի: Եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է` կանխարգելիչ, կասեցնող և խախտումը վերացնող միջոցներ իրականացնելու: Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում, է ենթակա է վերացման»,-հայտարարել է նախարարը:
Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ զբոսաշրջիկների համար:
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում շինարարության մասին պարզ դարձավ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի տարածած լուսանկարներից, որոնցում պատկերված են` բնության հուշարձանի մոտ կառուցվող փայտե շինություն, փայտե հենարանների վրա ամրացված լամպեր, բեռնատար ավտոմեքենա:
«Քարերի Սիմֆոնիայի» հետ կապված բիզնես նախաձեռնությունները նոր չեն: Տարիներ շարունակ «Քարերի սիմֆոնիա»-ն ոչնչացվում էր` շինարարության մեջ բարձրորակ բազալտն օգտագործելու համար: Այնուհետև մասնավոր անձինք մուտքի վճար էին գանձում հուշարձանի տարածք մտնելու համար: Հիմա էլ տաղավարներ են նախատեսել զբոսաշրջիկների համար:
Նշենք, որ ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարությունը դիտարկում է հնարավորությունները «Քարերի Սիմֆոնիա» բնության հուշարձանի կառավարումը Խոսրովի անտառ պետական արգելոցին հանձնելու և նոր էկոտուրիստական համակարգ ձևավորելու առումով:
«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» անվանումով բնական հուշարձանը կազմված է կանոնավոր դասավորված արհեստական թվացող վեցանկյուն գլաններից, որոնք ձգվում են ձորի ստորոտից մինչև գլուխ: Այս զարմանահրաշ ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: Բնական հուշարձանը գտնվում է Գառնիի տարածքում գտնվող Ազատ գետի կիրճում:
Փետրվար 22, 2018 at 16:04