
Սառա Հարությունյան` ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան Երևանի Բուսաբանական այգին, չնայած ունեցած մի շարք խնդիրների, երևանցիների սիրելի վայրերից է: Այն մայրաքաղաքում պահպանված եզակի կանաչ գոտիներից է, որը բնակիչները Երևանի թոքեր են անվանում:
Ինչ նշանակություն ունի այգին մայրաքաղաքի համար, ինչ հուշեր ունեն երևանցիները այգու մասին և ինչպիսին են ուզում տեսնել, պատմում են հենց երևանցիները:
Երևանի բուսաբանական այգի. խոսում է Երևանը
-Բուսաբանական այգին մի հսկա համալիր է, որտեղ աշխարհի գրեթե բոլոր ծայրերից ներմուծում են բուսատեսակներ: Իմ կարծիքով Երևանի թոքերի դերը ընկած է Բուսաբանական այգու վրա: Այն մեծ նշանակություն ունի մեր մայրաքաղաքի համար: Եվ վերջապես այն նաև գիտական կենտրոն է, որտեղ հազվագյուտ բույսեր կան:
-Բուսաբանական այգու հետ կապված շատ մանկական հուշեր և հիշողություններ ունեմ: Փոքր տարիքում այնտեղ շատ էի այցելում: Իսկ այժմ ամեն ինչ այլ է. այգին այդքան էլ լավ վիճակում չէ: Եվ ես տխրում եմ, երբ համեմատություններ եմ անցկացնում իմ մանկության այգու և ներկայիս այգու միջև:
-Բուսաբանական այգին շատ մեծ նշանակություն ունի Երևանի համար: Հիշում եմ, որ շատ վաղ տարիքում այնտեղ հաճախ էի լինում: Այն շատ հետաքրքիր վայր էր: Երեխաներին, հյուրերին տանում էինք այգի և փոքրիկ զբոսանքներ կազմակերպում: Ափսոսում եմ, որ այդպիսի վայրն այժմ քիչ խնամք է ստանում: Բայց նաև չեմ ուզում, որ այն խնամելու պատրվակով վերածեն ժամանցային կենտրոնի և ամեն մետրի վրա սրճարան կամ նման մի բան կառուցեն: Կցանկանայի, որ այգին ծառայեր իր հիմնական նպատակին՝ լիներ բուսաբանական այգի, ոչ թե բիզնես-կենտրոն:
-Բուսաբանական այգում հաճելի է ժամանակ անցկացնել: Մարդիկ զբոսնում են իրենց երեխաների հետ, մաքուր օդ շնչում՝ մի փոքր կտրվելով առօրյա հոգսերից: Ցանկալի է, որ այն ապագայում չդառնա փող աշխատելու միջոց, այլ մնա բուսաբանական այգի:
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բնուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Սահակ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բուսաբանական այգու ողջ տարածքի խնամք ներկայումս չեն կարողանում իրականացնել ֆինանսների սղության պատճառով: Ֆինանսների սղությունը պայմանավորված է պետության կողմից ընդհանուր գիտության սուղ ֆինանսավորմամբ, իսկ Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անբաժանելի մաս: 83-ամյա այգին իրականացնում է ազգային և համաշխարհային արժեք ներկայացնող բուսատեսակների գենոֆոնդի պահպանությունը:
Այգում էկոլոգաաշխարհագրականդասական սկզբունքով ստեղծված Կովկասի, Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրված են շուրջ 5000 անվանումներկայացնող արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ, այդ թվում` Հայաստանի ֆլորայի և բուսականության եզակի ex situ հավաքածուն (1,5 հա, 1935թ.), որտեղկենտրոնացված է Հայաստանի հարուստ ֆլորայի ավելի քան 1800 տեսակ:
Լուսանկարները՝ Սառա Հարությունյանի
17:52 Դեկտեմբեր 18, 2018