ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների և լրագրողների հետ համատեղ դեկտեմբերի 22-ին շրջայց կատարեցին Երևանում` ապօրինի որսված ձկների վաճառքի դեպքեր հայտնաբերելու համար: Հայտնաբերվեց և առգրավվեց 36 կգ ձուկ: «Մեր նպատակը ամենևին այն չէ, որ կիրառենք պատժիչ գործողություններ, ուղղակի կոչ եմ անում ազգաբնակչությանը, այն անձանց, ովքեր զբաղվում են տվյալ գործունեությամբ, զերծ մնալ դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում նման գործունեությամբ զբաղվելուց»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը:
Ձկան ապօրինի վաճառքի դեպքեր հայտնաբերվեցին Նոր Նորքի շուկայում, Շենգավիթ վարչական շրջանում և Մաշտոցի պողոտայում: Մաշտոցի պողոտայում առգրավվեց վաճառվող ձկան մի մասը. «Քանի որ մեր խնդիրը բացատրական աշխատանքներ տանելն է, մեկ դեպքի մասով մենք առգրավվել ենք ձկան մի մասը` պայմանով, որ այսօրվանից իրենք դադարեցնեն իրենց գործունեությունը, մինչև արգելքի ավարտը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցելուց հետո ուղարկվեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելված է ձկան և խեցգետնի որսը:
Դեկտեմբեր 22, 2017 at 20:11