«Ես կցանկանայի, որպեսզի Ազգային Անվտանգությունը զբաղվեր այդ հարցով»,- հայտարարեց «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը

«Ես կցանկանայի, որպեսզի Ազգային Անվտանգությունը զբաղվեր այդ հարցով»,- հայտարարեց «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը

ԷկոԼուր

Ինչպես նշված է «ԱրմԻնֆո» գործակալության տարածած տեղեկատվության մեջ. «Wardell Armstrong անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Յան Լյուիսը` ներկայացնելով նախագծի գնատականը հանքավայրին կից գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանում` հանրային լսումների ժամանակ»:  Ամուլսարի հանքավայրի շահագործման կոնցեսիան տրամադրվել է «Lydian International»  ընկերությանը` ի դեմս «Գեոթիմ» դուստր ընկերության:

«ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը մասնակցեց Ջերմուկի եւ Գնդեվազ գյուղի  քննարկումներին եւ հայտարարում է, որ դրանք հասարակական լսումներ չէին, որոնք ունեն իրենց ընթացակարգը, այլ բաց քննարկում էր Գնդեվազում եւ փակ քննարկում` Ջերմուկում:

Ջերմուկում 2011թ. մայիսի 13-ին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խնդրանքով տեղի ունեցավ Ամուլսարի նախագծի ռիսկերի քննարկում, այդ թվում նաեւ հնարավոր ուրանային աղտոտման ռիսկերի քննարկում:

«Գեոթիմ» ընկերությունը հերքեց հնարավոր ռիսկերը: Տնօրեն Հայկ Ալոյանը եւ «Wardell Armstrong» ընկերության ներկայացուցիչ Յան Լյուիսը հայտարարեցին «ALS Chemex»  լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին, որ ուրանի պարունակությունը 3500 նմուշներում չի գերազանցում 0,0002%-ը, որն անչափ քիչ է:

Ռադիացիոն ռիսկերի հարցն առաջացավ այն բանից հետո, երբ www.ecolur.org կայքում վերատպվեց Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը, որը հրապարակվել է «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում: Հոդվածում ասվում է Ամուլսարի ուրանային 5 երեւակումների մասին:

«Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարեց, որ այդ հոդվածը իրականում գրել է Պետրոս Ալոյանը (Հայկ Ալոյանի հայրը, 50-60-ական թվականներին Հայաստանում ուրանի պաշարների որոնման էքսպեդիցիայի մասնակից), եւ որ այդ տվյալները «Գեոթիմ»-ի նախագծի հետ որեւէ առնչություն չունեն: «Մենք 3500 նմուշ են արել, եւ բոլոր համայնքներին ցույց ենք տվել, որ մեր նմուշներում ուրան չկա: Այդ տվյալները Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ որեւէ կապ չունեն, եւ ես հարցը փակված եմ համարում»,- ասաց Հայկ Ալոյանը` նշելով, որ պրոֆեսոր Ալոյանը նույնպես Ամուլսարի նախագծի հետ որեւէ կապ չունի:

Նա հայտարարեց, որ հարցը ոչ միայն Ջերմուկին է վերաբերում, այլ ամբողջ երկրի հեղինակության հարցն է: «Դա լուրջ երկրներում գրանցված լուրջ ընկերությունների ներդրումների հարցն է, որոնց խոչընդոտում են քաղաքական հարցերը: Վաղն այդ ընկերությունները պետք է պաշտպանեն ներդրումները երկրներում, որտեղ պատերազմներ են գնում, իսկ նման հոդվածների միջոցով փորձում են խոչընդոտել, որպեսզի ընկերությունները ներդնեն իրենց գումարները: Ես ուզում եմ ասել, որ դա ազդում է ոչ միայն Ջերմուկի վրա, այլ ողջ երկրի վրա, եւ ես կցանկանայի, որպեսզի Ազգային Անվտանգությունը զբաղվեր այդ հարցով եւ ստուգեր, թե ինչու են նման հոդվածներ հայտնվում»,- հայտարարեց «Գեոթիմ»-ի տնօրենը:

Յան Լյուիսը նշեց, որ նմուշների վերլուծության ժամանակ օգտագործվել են ամենաբարձր չափանիշները, որոնք օգտագործում է ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը: «Նմուշներում ուրանի ամենաբարձր պարունակությունն ավելի ցածր էր, քան թույլատրելի նորմանները»,- նշեց նա:

Քննարկմանը մասնակցեց նաեւ Կովկասում «Lydian International»-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, ով նշեց. «Ձեզ փոխանցվել են տվյալներ, որ ուրան չկա, բայց դուք ուշադրություն չեք դարձրել: Մենք պատասխանատու ենք, պատասխանատու եղեք եւ դուք: Մենք պահպանում ենք նորմաները մեր կազմակերպության չափանիշների համաձայն»:

Իր կողմից «ԷկոԼուր»-ը ուշադրություն է դարձնում հետեւյալի վրա.

  1. Գ.Պ. Ալոյանի հոդվածը գիտական հոդված է, որը գրախոսություն է անցել գիտական ամսագրում եւ վերատպման ժամանակ լրացուցիչ ստուգումների կարիք չունի: Եթե կան հոդվածի ընդդիմախոսներ, ապա նրանք կարող են ներկայացնել իրենց տեսակետը, եւ մենք նույնպես վերատպենք:
  2. Ռիսկերի համար «Lydian International» ընկերության ողջ պատասխանատվությունը պետք է արտացոլված լինի ոչ միայն խոսքերում եւ սեփական հաշվետվություններում, այլ նաեւ բնապահպանական փորձաքննությանը ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում: Հենց այդ փաստաթուղթն է հիմք ծառայում բնապահպանական փորձաքննությունից եզրակացություն ստանալու համար: Իրականում փորձաքննությանը ներկայացված փաստաթղթում (Ամուլսարի հանքավայրի Տիգրանես տեղամասի բաց եղանակով շահագործման նախագիծ եւ հասարակական լսումների արձանագրություն) ոչինչ չի ասվում ոչ ռադիացիոն ռիսկերի մասին, ոչ ծանր մետաղներով աղտոտման ռիսկերի մասին, որոնք պայթեցման եւ մանրեցման աշխատանքների ժամանակ կարող են վերահսկվել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների հնարավոր գերազանցումների դեպքում: Փաստաթղթում նշված չէ թափոնների եւ մնացորդային ապարների տեղադրման վայրը, նշված չէ, թե որտեղ է ընկերությունը մտադիր կառուցել ֆաբրիկան, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաներ է մտադիր օգտագործել: Նշված չէ, թե ինչ կոնկրետ ազդեցություն կունենա հանքավայրի բաց եղանակով շահագործումը ջրային ռեսուրսների վրա: Միեւնույն ժամանակ, տվյալներ կան ընկերության նույն նմուշներում տոքսիկության առաջին դասի տարրերի` մկնդեղի, կադմիումի, քրոմի, սնդիկի, կապարի եւ այլ տարրերի  լուրջ պարունակության մասին: Հնարավոր է, որ դրանք իրենցից արդյունաբերական հետաքրքրություն չեն ներկայացնում, բայց կարող են ռիսկեր ներկայացնել որպես թափոն: Զարմանալի է, որ ՇՄԱԳ-ում մեջբերված գրականության ցանկում գականության 68 հղումներից 40-ը վերաբերվում են կենդանաբանական եւ բուսական աշխարհին, որոնց նախագծում ոչ մի պարբերություն նվիրված չէ:
  3. Այս ամենը վկայում է այն մասին, որ հարկավոր է ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատական, որում արտացոլված կլինեն ոչ միայն շարժական տեխնիկայի արտանետումների ռիսկերը, որին նվիրված է ՇՄԱԳ-ի մեծ մասը, այլ նաեւ այն ռիսկերը, որոնց մասին հայտարարում է հասարակայնությունը: Դա է ընկերության պատասխանատվությունը, որին ներկայիս դրությամբ աջակցում են Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, այսինքն` երկու կազմակերպություններ, որոնք հավատարիմ են միջազգային չափանիշներին: Նշենք նաեւ, որ հասարակայնությունը, ըստ Օրհուսի կոնվենցիայի, իրավունք ունի խոսել ռիսկերի մասին, իսկ ընկերությունը պարտավոր է հաշվի առնել այդ տեղեկատվությունը եւ ուշադրություն դարձնել հասարակության կարծիքին ՇՄԱԳ-ի մշակման ժամանակ:
  4. Իսկ ինչ վերաբերվում է ուրանին, ապա տրամաբանական է ենթադրել, որ Հայկ Ալոյանը լավ ծանոթ է իր հոր հոդվածին եւ հենց այդ պատճառով է Գնդեվազ գյուղում ընկերությունը ռադիացիոն հաշվիչներ տեղադրել:
  5. Նշենք նաեւ, որ ազգային անվտանգության մասին բոլոր հայտարարությունները ճիշտ ժամանակին են, եւ դրա համար «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որը պաշտոնապես պատասխանատվություն է կրում ռադիացիոն անվտանգության համար, հանդիսնալով ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, որպեսզի վերջինս գիտական տեղեկատվության ստուգումներ անցկացնի եւ որոշի Ամուլսարում ուրանի երեւակումների սահմանները, որպեսզի ոչ միայն ընկերությունը, այլեւ մենք` բոլորս, վստահ լինենք, որ բաց շահագործումը ուրանային երեւակումներին չի հասնի: Ցավոք, նախարարության պատասխանը հիմնվում է բացառապես ընկերության տվյալների վրա, որն ուսումնասիրություն է կատարում սեփական տարածքում, եւ որն իրավունք չունի դուրս գալու այդ սահմանից: Համոզված ենք, որ պետական վերահսկողության անցկացման դեպքում անհրաժեշտ են գիտական փաստաղթեր եւ գիտական տեղեկատվություն: Հնարավոր է, որ լրացուցիչ ուսումնասիրությունները կազդեն ներդրումների վրա կամ Ամուլսարի հանքավայրի շահագործումը սկսելու ժամկետների վրա: Բայց մեր կողմից նշենք,  որ շահերը` մասնավոր ընկերության, որը 100%-ով օտարերկրյա է,  ոչ մի համեմատություն չունեն ամբողջ երկրի շահերի հետ, որը պատասխանատու է իր քաղաքացիների եւ շրջակա միջավայրի անվտանգության համար:

13:17 Մայիս 30, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news