ELARD-ի փորձագետները հրավիրվելու են հարցաքննության

ELARD-ի փորձագետները հրավիրվելու են հարցաքննության

ԷկոԼուր

«Ամուլսարի գործով ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն կատարել նոր ուղղությամբ, ինչը մենք հիմա անում ենք»,- այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ վարչապետի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված հանձնարարականից հետո՝ ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պետք է, թե՝ ոչ, ի հայտ են եկել մի շարք փաստաթղթեր, որոնք նախկինում փորձագետներին չեն տրամադրվել, որոնց առկայության մասին քննչական մարմինը տեղյակ չի եղել: «Դա պայմանավորում է քննության նոր զարգացում»,- ասաց նա:

«Ըստ էության, քննության 3 բլոկ կա։ Բլոկերից մեկը, որ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը տալիս է ՇՄԱԳ եզրակացությունը՝ հիմնվելով այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա, հիմա պետք է հասկանանք՝ ինչու ժամանակին չի ստուգվել կամ արդյոք պատշաճ է ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ ELARD-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա պարզաբանումների համար: Պետք է կանչենք հարցաքննության», - նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը և որի համար պետականբյուջեից շուրջ 400 հազար դոլար գումար է վճարվել:

Հայկ Գրիգորյանը ասաց, որ քննությունը կանդրադառնա նաև այն հարցին, թե բնապահպանության նախկին նախարարը որքանով է շահագրգռված եղել թույտվություն տալու հարցում:

Անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրի Իվանյանի վերաբերյալ ծառայողական քննությանը՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ Իվանյանը ոչ մի բովանդակային և փաստական կապ, շահագրգռվածություն չի ունեցել Ամուլսարի գործում:

Քննության ավարտի ժամկետների մասին Քննչական կոմիտեի նախագահ դժվարացավ նշել:

22:00 Հոկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news