Ամուլսարի խնդրի վերաբերյալ ջերմուկցիների ակնկալիքները ՀՀ կառավարությունից

Ամուլսարի խնդրի վերաբերյալ ջերմուկցիների ակնկալիքները ՀՀ կառավարությունից

ԷկոԼուր 

Դեպի Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհներն ավելի քան 22 ամիս փակ պահող ջերմուկցիները ՀՀ կառավարությունից անկնալում են խնդրի ճիշտ լուծում, որն է հանքի չշահագործումը։ «Մնա սար։ Մենք համոզված ենք, որ իրենք կգնան այդ ուղով․․․ որովհետև անդառնալի հետևանքներ կարող են լինել։ Ամբողջը թողել ենք, գարնանացան, այգեգործությունը, հերթափոխով գալիս ենք պոստերը, որպեսզի իրենք շարժ չիրականանցնեն։ Մեզ համար շատ դժվար է ընտանիքից կտրվելով, գործերն են մնում, բայց ճար չունենք, պիտի կանգնենք, մինչև այս հարցը լուծվի։ Ընդամենը պայքարում ենք մաքուր օդի ու ջրի համար, որսպեսզի ես և իմ ընտանիքը կարողանանք օգտվել բնության տված բարիքներից»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Արմեն Ղամարյանը։ Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Գերասիմ Մուշեղյանն էլ նշեց, որ վստահում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն Ամուլսարի խնդրի վերաբերյալ նրա հետ համագործակցելու փորձերը չեն հաջողվում․ «Փաշինյանին շատ վստահում ենք․․․ Այն ամենը, ինչին հասել ենք, իր լուման էլ կա։ Ինքն է ստեղծել այս ամենը, որ մենք հիմա կարողանում ենք ազատ արտահայտել մեր կարծիքը։ Վարչապետը ճիշտ քայլեր է անում, բայց իր կողքի մարդկանց հետ կապված չգիտեմ՝ կասկածելի են․․․»։ 

Ջերմուկցիները չեն հավատում, որ հնարավոր է հանքը շահագործել առանց վնասելու բնությունը:

 «Բազմաթիվ ռիսկեր կան, որոնք, ճիշտ է, ասում են՝ կառավարելի են, բայց ոչ մի կերպ կառավարելի չի կարող լինել։ Դուք ձեր աչքով տեսաք, թե ինչ քամի բարձրացավ մեկ րոպեի ընթացքում, ո՞նց կարելի է սա կառավարել։ Ինչպե՞ս կարող են նման տիպի մեծ ծավալով աշխատանքները բնությանը և մարդկային առողջությանը վնաս չտալ, դա անհնար է․․․ 

...Չենք ուզում որ երեխեքը, ժողովուրդը թունավորվեն։ Մենք չենք ուզում էսօր մեր թոռների հաշվին աշխատել։ Եթե դա հանկարծակի բացվի, դառնա հանք, դառնալու է մի մեծ ձագար, և էդ ջրերը, ձյան ջրերը սաղ գալու է լցվի Կեչուտի ջրամբար, այնտեղից գնա Սևան, Սևանից էլ ամբողջ Արարատյան դաշտը, Կոտայքը...»,- ասացին Ամուլսարի պահապանները:

«Սովետական շրջանում՝ դեռ 60-ական թթ․, հետազոտվել է Ամուլսարը։ Այն ժամանակ էլ պաշարների մասին գիտեին, բայց քանի որ տարածքում կար ուրան և ՀՀ ամենամեծ առողջարանային քաղաքն էր, Սովետական պետությունը չգործարկեց այդ հանքավայրը»,- ասաց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը։ Խոսելով այն շահարկումների մասին, թե հանքի շահագործումը աշխատատեղեր է ստեղծելու և կանխելու արտագաղթը, նա ասաց․ «Նրանք միայն ասում են մեր աշխատողները, մենք վարկեր ունենք, աշխատանք ենք պահանջում։ Ես իրենց մի քանի անգամ ասել եմ՝ այսօր դուք ձեր երեխաների, ձեր առողջության հաշվին ինչ-որ գումար աշխատեցիք, 10 տարի հետո մեր տարածաշրջանը կվերածվի կիսաանապատային տարածքի։ Գնդեվազ գյուղը զարգացել է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Այն ժամանակ ի՞նչ ենք անելու։ Թվեր են բերում, թե արտագաղթ կա մեր տարածաշրջանից, քանի որ աշխատատեղերը փակվել են։ Բայց նրանք նաև պետք է մտածեն, թե ինչ է լինելու 10 տարի անց, երբ այստեղ ոչ մի աշխատանք հնարավոր չլինի կատարել, երբ Ջերմուկը վերանա որպես առողջարանային քաղաք։ Նույնիսկ անասուններին չեն բերի այստեղ, քանի որ ամբողջ տարածաշրջանը ծանր մետաղներով և թունաքիմիկատներով վարակված է լինելու։ Թե այսօր արտագաղթը մեր տարածաշրջանում 100-ներ են  հաշվում, ապա այն ժամանակ 10-հազարներ կհաշվվի․․․»։ 

«Կսպասենք մինչև Կառավարության պատասխանը։ Նույնը շարունակվելու է, մենք այնքան ենք մնալու, մինչև այս հարցը լուծվի, իհարկե՝ ի օգուտ մեզ»,- ասացին Ամուլսարի պահապանները։ 

 Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Շատերն ասում են, ո՞րն է ձեր ռազմավարությունը և մարտավարությունը Ամուլսարի հարցում: Իմ պատասխանը չի փոխվում՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից:... Ես Ձեզ խոստանում եմ՝ Ամուլսարի հարցով բացառված է, որ մենք ճշմարտությունից 1 մմ շեղվենք…արդյո՞ք հնարավոր է հանքը շահագործել այնպես, որ ոչ միայն Ջերմուկը, այլ Դարբ և Արփա գետերը չաղտոտվեն: Եթե հնարավոր է՝ այս ճշմարտության հետևից պետք է գնանք: Եթե հնարավոր չէ՝ ուրեմն հնարավոր չէ: Այդտեղ թեմա չկա: Նույնիսկ քննարկման բան չկա: Եթե հնարավոր չէ, որ Ջերմուկի այս օդն ու ջուրը, բնությունը պահպանվի, ուրեմն այդ հանքը բացառված է, որ շահագործվի: Սա է ամբողջ ճշմարտությունը»։ 



19:19 Մարտ 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news