Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին

ԷկոԼուր

Լրագրող Թեհմինե Ենոքյանը ՀՀ հատուկ քննչական ծառայութուն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ՝ Ամուլսարի գործով դատարան չներկայանալու և տեսչության շահերը չպաշտպանելու համար:

Հաղորդման մեջ նշված է.

«Ես Թեհմինե Ենոքյանս, որպես ՀՀ քաղաքացի և Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչ, Ամուլսարի ծրագրով ազդակիր համայնքի բնակիչ, հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության դեմ բացարձակ անգործություն ցուցաբերելու, պետության և քաղաքացու շահը չպաշտպանելու և իմ հարկերից օգտվելով դատարան չներկայանալու համար։ Կորպորատիվ շահեր ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հայցն ընդդեմ Ընդերքի պետական տեսչության քննվել է ՀՀ վարչական դատարանում, և պատասխանող կողմը չի ներկայացել գործի քննությանը։ 

Որպես հիշեցում՝ ասեմ, որ 4 տարի Գնդեվազցիների հայցը քննվեց ՀՀ վարչական դատարանում անգամ մեր գործով նույն որակի անգործություն ցուցաբերած Բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների ներկյայացուցիչների վերաբերյալ մեր գործով ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը նամակ հղեց ՀՀ վարչապետին՝ զգուշացնելով, որ պետության շահերը ներկայացնող այս կառույցների ներկայացուցիչները դատարանում անգործություն են ցուցաբերում, ավելին, օգտվեց դատավարական նորմերից և հեռացրեց այդ ներկայացուցիչներին դատարանից։
Վարչական դատարանը վճիռ է կայացրել անվավեր ճանաչել բնապահպանական տեսչության որոշումը, որով Ամուլսարը շահագործող ընկերությանը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ այդ հանքավայրը շահագործելուն ուղղված բոլոր գործողություններից:

Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ և տեսչության ղեկավարը շահագրգիռ կողմ էր և չպետք է այդ հարցով որոշում ընդուներ:

Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցնրի վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել: Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով: Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը՝ տեսչությունը, որը չի ներկայացել և ոչ մի նիստի։

Դատարանի հետևությունը, որ տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանը ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, առհասարակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը իր գրեթե բոլոր նախաձեռնություններում: Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործըթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ:

Նոր կառավարությունը թույլ է տալիս, որ դատարանում նախադեպ ստեղծվի, հակառակորդ կողմ գա ու ասի, որ եթե դուք որևէ հարցում ունեցել եք դիրքորոշում նախկինում, ապա ձեր բոլոր որոշումները այսուհետ անօրինական են, սկսած Նիկոլ Փաշինյանից՝ վերջացրած ավագանու անդամներով, նախարարություններով։
Խնդրում եմ վերոգրյալը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին՝ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության դեմ բացարձակ անգործություն ցուցաբերելու և պետական շահի դեմ գործելու վերաբերյալ»։

Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

 

13:35 Հոկտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news