Լիդիանը կոլապսի առջև է Ամուլսարում. ՀԲՃ

Լիդիանը կոլապսի առջև է Ամուլսարում. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ

Նման եզրակացության կարելի է հանգել, եթե կարդաք Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված օֆշորային Լիդիան Ինթերնեշընըլ (Լիդիան) ընկերությանը վերաբերող ֆորումում տեղ գտած մեկնաբանությունները: Այստեղ ընկերության մի շարք բաժնետերեր մտահոգություններ ունեն կապված ընկերության գործունեության հետ, քանի որ նրանց զանգերին և էլեկտրոնային նամակներին Լիդիանից ոչ ոք չի պատասխանում: Նրանք գրում են, որ փորձում են կապ հաստատել ընկերության հետ՝ հասկանալու, թե ի՞նչն, օրինակ, դրդեց ընկերության տնօրեն Հովարդ Սթիվենսոնին լքել իր պաշտոնը, կամ ինչպե՞ս ընկերությունն ընտրեց իր նոր տնօրենին: Մեկնաբանություններից մեկը՝ «Չգիտեմ ինչ է տեղի ունենում այստեղ՝ Լիդիանը փոխեց իր տնօրենին և բերեց մեկին, ով Էկո-Օրոյի ղեկավարն էր, որն էլ այժմ դատի է տալիս Կոլումբիայի կառավարությանը: Անհասկանալի է, թե ինչու Լիդիանն ավելի երկար ժամանակ չծախսեց տնօրենի այլընտրանք գտնելու համար»:

Մեկ այլ մեկնաբանություն էլ այսպիսի հարցադրում ուներ` «Ես նույնպես փորձեցի կապ հաստատել Սթիվենսոնի հապճեպ հեռանալը հասկանալու համար կամ ինչպես պիտի կառավարեն այս 40 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ծախսը: Ոչ մի պատասխան: Անձամբ ես շատ եմ զայրանում, երբ տեսնում եմ, որ ընկերությունը խոստանում է հավատարիմ մնալ այս ծրագիրն այս տարի իրականացնելու պլանին: Ես սա հասկանում եմ որպես կասկած, թե այս տարի որևէ բան տեղի կունենա: Սկոտիայի վերլուծաբանը գնահատում է, որ ընկերությունը 60 միլիոն ԱՄՆ դոլար կստանա բաժնետոմսերն ավելացնելով 34%-ով (խմբ. ինչը հանգեցնում է բաժնետոմսերի գների անկմանը):»

Մեկ այլ բաժնետիրոջ պատասխանը՝ «Երբ մարտ ամսին ես խոսեցի իրենց ղեկավարության հետ, ես և մյուս բաժնետերերս մեր խորը դժգոհությունը հայտնեցինք, եթե նրանք որոշեն ավելացնել ֆինանսները` արժեթղթեր ավելացնելով: Սա ապտակ կլինի բոլոր առկա բաժնետերերին, քանի որ դա կվերացնի ընկերությունում մեր ունեցած բաժնետոմսերի ողջ արժեքը: Եթե սա տեղի ունենա, ես կանեմ ամեն հնարավորը, որ բոլորը՝ այդ թվում գործընկերներս, ընտանիքս, ընկերներս և մյուսները դեմ քվեարկեն այս ղեկավարությանը և ղեկավարների խորհրդին, եթե նրանք մտադրված են բաժնետերերի կարևորությունն այսպես ապականել»:

«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր կա: Միակ տարբերակը, եթե ընկերությունը քաղաքի հետ նոր պայմանագիր կնքի, սակայն ինչը նոր ծախսեր և լրացուցիչ ժամանակ կպահանջի: Քանի որ կոռուպցիան ամենուր է, քաղաքային իշխանություններն այնպես կանեն, որ սրանից լրացուցիչ գումարներ պոկեն: Ավելի լավ է հնարավորություններ փնտրեք այլ բորսաներում»:

«Համաձայն եմ, չափից դուրս շատ կարմիր լույսեր կան այստեղ: Մի երկուսն ինձ համար խնդիր չէին, սակայն անորոշությունները շատանում են»:

Նշենք, որ բաժնետերերի համար նաև ահազանգ էր գործադուլը, որը վերջերս տեղի ունեցող ներհայաստանյան քաղաքական իրադարձությունների ֆոնին դրդել էր Ամուլսարում շինարարական աշխատանքներում աշխատողներին լքել իրենց աշխատավայրը և միանալ գործադուլավորներին: Ընկերությունը սա փորձել էր ներկայացնել որպես իր կողմից իբրև թե բարի կամքի դրսևորում՝ «չխոչընդոտելու իր աշխատակիցների ազատ կամարտահայտման իրավունքը»:

Ինչևէ, թե՛ բաժնետերերի, և թե՛ մեզ համար անսպասելի ու կասկածելի էր ընկերության գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հեռանալը ընկերությունից (այն էլ մայիսի 1-ին): Արդյոք կապվա՞ծ էր դա Հայաստանի կոռումպացված քաղաքական-տնտեսական էլիտայի նահանջի հետ, թե՞ կան այլ խնդիրներ: Միգուցե բազմաթիվ խոստումներ տվող տնօրենի հեռանալու պատճառը տեղական համայնքներում աճող դժգոհությունն է հանքի հանդեպ, և իհարկե փորձագետների և բնապահպանների ընդդիմությունն այս ծրագրին, ինչի արդյունքում միայն վերջին տասն օրերի ընթացքում ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 21%-ով՝ 0.45-ից իջնելով 0.35: Կամ միգուցե 40 միլիոն դոլարի բացը լրացնելու խնդի՞ր կա:

Իսկ ո՞վ է նոր տնօրենը: Ժոաո Կարելլիոյի ղեկավարած բազմաթիվ հանքարդյունաբերական ընկերություններից թերևս աչքի է ընկնում 2012-2014թթ.-ին նրա տնօրինած «Eco Oro Minerals Corp.» ընկերությունը: Այս ընկերությունը Կոլումբիայի Սանտանդեր շրջանում, որը ջրագոյացման կարևոր գոտի է (ջրով ապահովելով կոլումբիացիների 70%-ին) իր եզակի կենդանական և բուսական աշխարհով, դեռևս 1994թ.-ին սկսեց նախագծել այնտեղ ոսկու հանքի շահագործում: Թեև օրենքն արգելում էր այս տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, ընկերությունն օգտվեց օրենսդրական բացերից և անցավ գործի:

Դե իսկ Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցեց ծրագրին 11 միլիոն դոլարով՝ չսպասելով բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականին: Տեղացիների բողոքն այստեղ նույնպես հասավ ընդհուպ մինչև ՄՖԿ-ի օմբուդսմենի գրասենյակ (ինչպես և Ամուլսարի դեպքում), որն էլ չորս տարի անց իր եզրակացությունը հայտնեց՝ նշելով, որ ՄՖԿ չափանիշները խախտվել են, չեն իրականացվել ազդեցության համապատասխան գնատահակում: Կոլումբիական դատարաններն էլ իրենց հերթին էին եզրակացրել, որ ընկերությունը ապօրինի գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում այն պետք է կանգնեցներ այն:

Ընկերությունը դրա փոխարեն դիմեց Համաշխարհային բանկի ներդումների դատարան՝ հիմնվելով Կանադա-Կոլումբիա առևտրային պայմանագրի վրա: Տեղացիների և հանրության շարունակական բողոքների արդյունքում ՄՖԿ-ն անաղմուկ դուրս եկավ ծրագրից: Նշենք, որ պետության դեմ հայցով ընկերությունն ակնկալում է ստանալ 696 միլիոն դոլար և 68 միլիոն դոլար տոկոսների փոխհատուցում: Իսկ այս ծրագրում ընկերությունը ներդրումը կազմել է մոտ 250 միլիոն դոլար: Որոշումը նոյեմբերից շուտ չի ակնկալվում:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչու՞ հենց Eco Oro-ի նախկին տնօրեն Ժոաո Կարելլիոն նշանակվեց Լիդիան Ինթերնեշընըլի տնօրեն: Արդյո՞ք Լիդիանը կանխազգացումներ ունի իր գործունեության մոտալուտ դադարի մասին՝ ուստի ցանկանում է դատական քաշքշուկներում փորձառու մեկին ունենալ իր ղեկին: Ինչևէ, թե՛ Լիդիան Ինթենեշընըլը, և թե՛ Լիդիան Արմենիան ակնհայտորեն չեն զլանում իրենց թիմում ընդգրկել որպես կանոն նախկինում սկանդալային փորձ ունեցող մասնագետների: 2018թ.-ի հունվարին էլ Լիդիան Ինթերնեշնըլը հայտարարեց, որ Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի գլխավոր մենեջերը կլինի Ռոդնի Ստուպարիկը, ով Ղրղզստանի տխրահռչակ Կումտոր ոսկու հանքի Ռիսկերի, համապատասխանության և կայուն զարգացման փոխնախագահն է եղել: Այս հանքին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ որպես ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող մի ծրագիր, որը սպառնում է տարածաշրջանի ջրային պաշարներին, բացասաբար է ազդում կլիմայի վրա, խախտում է տեղացիների իրավունքները և այլն:

Բոլոր այս դեպքերում նմանատիպ սցենարներ են նշմարվում: Միջազգային բանկերը ներդրումներ են անում ծրագրերում՝ առանց ուշադրություն դարձնելու սոցիալական և բնապահպանական հետևանքներին: Դե իսկ այն համայնքներում, ուր սա առաջացնում է դժգոհություն, տեղի են ունենում տարիներ տևող պայքարներ դատական և սոցիալական այլ հարթակներում: Հատկապես այնտեղ, ուր տեղացիների դիմադրությունն անդրդվելի է լինում, հնարավորություն է առաջանում վերջ դնել բնությունն ու մարդկանց կեղեքող ծրագրերին: Հայաստանն էլ այժմ նոր փուլ է թևակոխում, ինչն արդեն իսկ հանգեցրել է սոցիալական ընդվզման օլիգարխիայի, կոռուպցիայի, հանքերի և այլնի դեմ: Ամուլսարում էլ աշխատակիցների միանալը համահայկական գործադուլին ոչ թե Լիդիանի բարի կամքի դրսևորման արդյունք էր, այլ նոր սոցիալ-քաղաքական մթնոլորտում աշխատողների ընդզվում ընդդեմ կեղեքողների: Սա հատկապես լավ գիտակցում են կեղեքողները: Ուստի և անարձագանք են թողնում անգամ իրենց բաժնետերերի հարցադրումները:

Լիդիանի բոլոր բաժնետերերին կոչ ենք անում ևս մեկ անգամ դիտել այս?rel=0" frameborder="0" allowfullscreen> տեսահոլովակը և տեղեկացված լինել, որ այս ընդվզումն այդ թվում նաև հանքի դեմ է և այո, լավ կլինի, որ այս պահից ի վեր հնարավորություններ փնտրեն այլ բորսաներում՝ հատկապես, որ ոսկու ծրագիրն Ամուլսարում, համաձայն որոշ աղբյուրների, հիմնված է իրականությանը չհամապտասխանող տվյալների վրա։ Որոշ վերլուծությունների համաձայն՝ Ամուլսարում չկա 73 տոննա ոսկի, ինչը փորձում է ներկայացնել Լիդիանը՝ ներդրողներին հրապուրելու համար։ Միևնույն ժամանակ այս ծրագիրը իրավական տեսանկյունից բավականին բացթողումներ ունի, ուստի և Լիդիանը կարող է պարտված դուրս գալ, նույնիսկ եթե փորձի վիճարկել իր արած ծախսերը վերադարձնելու հարցը: Նշենք նաև, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ Լիդիանը թաքցրել էր և պատշաճ կերպով չէր ուսումնասիրել ու ներկայացրել թթվային դրենաժի ռիսկերը և բացասական ազդեցությունը քաղցրահամ և հանքային ջրերի վրա, ինչն ի հայտ է եկել 2017 թվականին Բրոնոզյանի անկախ փորձագետների հետազոտությունների արդյունքում:

Մայիս 10, 2018 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր