
ԷկոԼուր
Երևանում՝ Մաշտոցի պուրակում սեպտեմբերի 20-ին անցկացվեցին բնապահպանական մոբիլիզացիայի օրվան նվիրված միջոցառումներ:
Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա շրջանակներում քննարկումներ անցկացվեցին հանրության հետ հետևյալ երեք թեմաների շուրջ՝ «Գլոբալ կլիմայական ճգնաժամը և մոբիլիզացիայի օրն ամբողջ աշխարհում», «Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու բնապահպանական շարժումը» և «Հանքարդյունաբերության խնդիրներն ու լուծումները»:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ը աշխարհում հայտարարված է բնապահպանական մոբիլիզացիայի օր հանուն բնապահպանական արդարության, մարդածին կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետներին դիմադրելու համար:
«Մենք ապրում ենք մոլորակի գոյության մեջ տեղի ունեցած վեցերորդ մասսայական կենսատեսակների ոչնչացումը: Գիտնականներն ասում են, որ մոտավորապես 8 տարի է մնացել, որ մարդկությունը կարողանա դա պահել գոնե վերահսկելի շրջանակներում»,- ասաց Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Արփինե Գալֆայանը:
Արփինե Գալֆայանը նշեց, որ Ամուլսարի համար պայքարող Ջերմուկի բնակիչները հայտարարել են, որ տասը օր կսպասեն, որպեսզի ՀՀ կառավարությունը փոխի իր որոշումը և վերջապես գիտական փաստերի և իրավունքի շրջանակներում լուծում տա՝ փակի այս հանքը: Եվ եթե դա տեղի չունենա Ջերմուկում սկսելու են դասադուլներ ու գործադուլներ:
ՀԲՃ անդամ Աննա Շահնազարյանն ասաց. «Պետական մակարդակով, հատկապես ակադեմիական մակարդակով համալսարանների մեծ մասում հանքարդյունաբերության վնասների պատճառների խորն ուսումնասիրություն չի արվում: Չկան դրամական հաշվարկներ, թե ինչ վնասներ է պատճառում հանքարդյունաբերությունը մարդկանց սոցիալական իրավիճակի վրա: Ամուլսարի ծրագրի պարագայում նույնիսկ «Լիդիան» ընկերությունն էր գնահատել, որ Գնդեվազ համայնքը աղքատանալու է: Բայց ավելի լայն, օրինակ այն, որ Ջերմուկն է ամբողջությամբ աղքատանալու, դրա մասին խոսք չկա»: Նա նշեց, որ մետաղական հանքարդյունաբերությունն իր անմիջական բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա ծանր մետաղների՝ սննդային շղթա ներթափանցելու վտանգով:
18:30-ին Օպերայի Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտակայքից կմեկնարկի երթ դեպի Հանրապետության հրապարակ:
17:54 Սեպտեմբեր 20, 2019