ԷկոԼուր
Դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Նազելի Վարդանյանի դեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցի վերաբերյալ նիստը: ԷկոԼուրի հետ զրույցում Նազելի Վարդանյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան նախնական դատական նիստի վերսկսման համար, որպեսզի հնարավորություն ունենա ապացույցներ ներկայացնելու և իր իրավունքները պաշտպանելու: Դատարանը չի անդրադարձել միջնորդությանը:
Միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ Նազելի Վարդանյանը չի ծանուցվել դատական նիստերի մասին, մինչդեռ դատական գործը մտել է դատաքննության փուլ:
Դատական նիստերի մասին Նազելի Վարդանյանի ծանուցում չստանալը պայմանավորված է նրանով, որ հայցվորը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, դատարան ներկայացրած փաստաթղթերում նշել է Նազելի Վարդանյանի սխալ հասցե:
«Իրենք իմ հասցեն շատ լավ գիտեն, քանի որ մեկ այլ դատական գործով ես իրենց հետ նամակագրության մեջ եմ եղել: Այս գործով ոչ մի փաստաթուղթ ինձ չի հասել: Ես միտում եմ տեսնում, որ հայցվորը, հավանաբար, նպատակ ուներ, որ նիստերն անցնեին իմ բացակայությամբ»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում… դա կաշառքի մի ձև՞ է, ուրիշ տարբերակ չկա՞...» արտահայտությունը, որը Նազելի Վարդանյանն արել է 2018թ-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող` հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում: Ընկերությունն այդ արտահայտությունը համարում է զրպարտություն և պահանջում է նաև Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020թ-ի փետրվարի 20-ին:
Դեկտեմբեր 12, 2019 at 15:32