«Քաղաքը շատ մաքուր է, ուղղակի փոշին է շատ» (Լուսանկար)

«Քաղաքը շատ մաքուր է, ուղղակի փոշին է շատ» (Լուսանկար)

ԷկոԼուր

Արարատը մտնում է Հայաստանի էկոլոգիապես անբարենպաստ քաղաքների տասնյակի մեջ: Սակայն Արարատից ահազանգերը չափազանց քիչ են, մարդիկ չեն ցանկանում խոսել խնդիրների մասին, եւ միայն քչերը կարող են արտահայտվել, թե ինչ է իրենց մտահոգում: Արարատի փողոցներում մարդկանց ուղղված «ԷկոԼուր»-ի հարցին, թե առաջին հերթին ինչ էկոլոգիական խնդիր դուք կցանկանայիք լուծել, պատասխանեցին. «… Արարատը մի ժամանակ էր թեժ կետ, երբ որ ներքեւի ցեմենտի գործարանը գործում էր: Հիմա գործարանն ահագին հեռու է մեզանից: Ֆիլտրերը, ճիշտ է, չեն աշխատում, բայց ավելի քիչ փոշի է գալիս: Հիմա տարվա մեջ շատ քիչ է աշխատում, աշխատած ժամանակ էլ փոշի չի գալիս: Երեւի քամին տանում է ուրիշ ուղղությամբ … Մեր քաղաքապետը նախընտրական արշավների ժամանակ ինչ որ ասել է, ինքն այդ հարցերը լուծում է: Ճիշտն ասած գոհ ենք հիմա: Ոչ մի խնդիր առայժմ չեմ տեսնում…»:  15-ամյա աղջիկը շատ անմիջական էր. «Այստեղ ամեն ինչ նորմալ է: Քաղաքն էլ շատ մաքուր է, ուղղակի փոշին է շատ»:

Բայց ահա թե ինչ են ասում ապրիլի 5-ին Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանին մասնակցող հասարակական ակտիվիստները:  

Հ. Դավթյան. «Աղետալի վիճակ է Արարատում, շատ ծանր վիճակ է, ու մենք էլ մեր վրա զգում ենք: Քաղցկեղային հիվանդությունները, բոլորս էլ գիտենք, որ Արարատյան դաշտավայրում ամենաբարձր տոկոսն են կազմում»:

Ս. Դարբինյան. «Եթե մի գործարան ցեմենտ է արտադրում ու անմիջապես շնչում է ժողովուրդը, ոնց կարող է պատահի` այդտեղ վտանգ չլինի… Նույնը ոսկու կորզման ֆաբրիկան է թունավոր ցիանով: Ես անմիջապես չգիտեմ, բայց լսել եմ, որ թույն է արտադրվում այդ ցիանից, ու մարդիկ աշխատում են: Ճիշտ է` հնարավորություն չկա, ուրիշ աշխատանք չկա, իրենց առողջականից ելնելով, փաստորեն, մարդիկ աշխատում են, բայց գտնվում են շատ վատ առողջական վիճակում… Այդ հարցերով դիմել ենք, սեմինարներ ենք արել, բայց լուծում չեն ստացել»:

Գ. Մարտիրոսյան. «Ոչ մի փոփոխություն, եթե փոփոխություն էլ կա, ապա դեպի վատը: Համենայն դեպս ես չէի ասի, որ էկոլոգիական միջավայրը փոփոխվել է Արարատում, որովհետեւ փոփոխության համար հիմնավոր պատճառներ չկան: Նույն ցեմենտի գործարանի արտանետումները եթե ավել չեն, ապա նույնպես պակաս չեն եղել: Դրան ավելացրած ոսկու գործարանի նոր տեխնլոգիան եւս: Չեմ ասի, որ ինչ-որ փոփոխության դա կհանգեցնի, որովհետեւ տարեց տարի ծանր մետաղների քանակը ոչ թե պակասում է, այլ ավելանում է: Լավ, փոխվեց տեխնոլոգիան, դա ազդելու է միայն հումքից օգտակար մետաղների դուրս հանման վրա: Իսկ ծանր մետաղները էլի մեզ նվեր, իսկ դրանք անցնելու են բնակչությանը: Իսկ առաջին հերթին դա անդրադառնալու երեխաների առողջության վրա: Մի դպրոցում եթե կա 3 երիկամով հիվանդ երեխա, ինչ եք կարծում, 500 երեխայի համար դա արդեն ցուցանիշ չէ: Իսկ մենք ունենք: Չնայած ասում են, որ մի հոգի էլ ավելացավ առաջին դասարանում: ...Բայց եթե համացանցով նայեք Արարատ քաղաքի էկոլոգիական ֆոնը`մթնոլորտում աղտոտվածությունը, ջրի աղտոտվածությունը, ոչ մի, նույնիսկ սահմանային թվին հասնող տվյալ չեք ունենա»:



17:01 Ապրիլ 13, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news