Շարունակաբար քննարկվում է Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումների խնդիրը, սակայն ֆիլտրերն այդպես էլ չեն տեղադրվում

Շարունակաբար քննարկվում է Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումների խնդիրը, սակայն ֆիլտրերն այդպես էլ չեն տեղադրվում

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Ալավերդու պղնձաձուլարանը տարիներ շարունակ գործում է առանց ֆիլտրերի`մթնոլորտ արտանետելով  ծծմբային անհիդրիդ, ծանր մետաղներ եւ օրգանիզմի համար տոքսիկ միացություններ:Մինչեւ 2011 թվականը տարեկան մթնոլորտ էր արտանետվում 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ: 

«Վալլեքս» խմբի ընկերությունները Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցներով տարիներ առաջ ձեռք բերեց ֆիլտրեր ծծմբային անհիդրիդի կորզման համար, սակայն այդպես էլ չտեղադրեց` պատճառաբանելով արտադրության ցածր ծավալը, ծծմբաթթվի շուկայի բացակայությունը: Ինչ վերաբերվում է ծանր մետաղներին եւ փոշուն, ապա այս հարցը շարունակաբար քննարկվում է: «ԷկոԼուր»-ի հարցին պատասխանելով`   Լոռու մարզպետարանի բնապահպանական վարչության պետ Արտակ Դեմիրճյանն ասաց. «Եթե մենք կարողանանք տեղադրել էլեկտրոֆիլտրեր ծխնելույզի մեջ, ապա 98%-ով կկրճատենք ծանր մետաղների արտանետումը դեպի մթնոլորտ եւ մոտավորապես 80-83%-ով կորսվի նաեւ անօրգանական փոշին, որը ծխի հետ դուրս է գալիս դեպի քաղաքի օդային ավազան»:

Ըստ նրա` առաջարկը քննարկման փուլում է, քանի որ դեռեւս հստակ չէ, թե էլեկտրոֆիլտրերի տեղադրման դեպքում որսված զանգվածը որտեղ պետք է պահեստավորվի, կամ արդյոք հնարավոր կլինի որսված զանգվածից  վերականգնել մետաղները:

Ընկերությունը խնդրի լուծումը գտավ ծխնելույզի տեղափոխման մեջ, ինչը Արտակ Դեմիրճյանի խոսքերով, մոտ 10 անգամ կրճատել է վնասակար արտանետումների ցրման գործակիցը, ինչպես նաեւ նվազել է արտանետումների ազդեցությունը Ալավերդի քաղաքում: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` ծխնելույզի բարձրության արդյունքում թեպետ կնվազի վնասակար արտանետումների քանակը Ալավերդի քաղաքում, սակայն կվնասվեն հարակից բնակավայրերն ու անտառները: Նշենք, որ Ալավերդիում եւ հարակից համայնքներում տարեց տարի ավելանում են ուռուցքային, սրտանոթային եւ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները:



14:06 Մարտ 29, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news