Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող «անգրագետները»

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող «անգրագետները»

Yerkir.am

ՕԵԿ-ական եւ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ դեռ ս.թ. մայիսին օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկեցին արգելել գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումը:

 Պատգամավորներն իրենց առաջարկը հիմնավորել էին նրանով, որ այրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային եւ վնասակար նյութեր, խախտվում է հողածածկույթի կառուցվածքը, մեծ վնաս է հասցվում էկոհամակարգին, բացի այդ` կրակը հաճախ տարածվում է`անդառնալի վնաս պատճառելով անտառային էկոհամակարգին:

 Կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն անգամ առաջարկել էին նման գործողություններ իրականացնողների նկատմամբ տուգանք նշանակել` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

 Հետաքրքիր է, եթե պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ), Միշա Ստեփանյանը (ՀՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Վահագն Մախսուդյանը (ԲՀԿ) եւ Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) ապրեին գյուղում, ի՞նչ պետք է անեին իրենց հողմասներում եւ այգիներում կուտակված չորացած տերեւների եւ բուսական զանգվածները:

 Ինչեւէ, կառավարության արձագանքը նույնպես չուշացավ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, անտեսելով իր գործընկեր գյուղատնտեսության նախարարի առարկությունը, որ հողատարածքներում կույտավորված բուսական մնացորդների եւ չորացած բուսականության այրումը նպաստում է վնասատուների, դրանց ձվերի եւ թրթուրների ոչնչացմանը եւ գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոց է, նախաձեռնությունը ներկայացրեց կառավարություն, եւ դրան հավանություն տրվեց:

Հետաքրքիրն այն է, որ սույն օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է միայն գյուղական, սակայն ոչ քաղաքային տարածքներին: Երեկ մայրաքաղաքի մի շարք տարածքներում կանաչապատման ծառայության աշխատակիցները այրում էին տերեւաթափից գոյացած զանգվածները: Ամենամեծ խարույկը վառել էին Հանրապետության փողոցի մայթեզրին` հենց կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց:

16:28 Նոյեմբեր 29, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news