Երեւանի գաջի գործարանի շրջակայքի բնակիչները պահանջում են մաքուր օդ. Բողոքի ակցիա

Երեւանի գաջի գործարանի շրջակայքի բնակիչները պահանջում են մաքուր օդ. Բողոքի ակցիա

www.mamul.am

Արդեն մի քանի ժամ` բողոքի են դուրս եկել Էրեբունի վարչական շրջանի, Գաջեգործների մի քանի փողոցների (1,2,3,4) բնակիչները` թվով 150-200 հոգի:

Ինչպես ՄԱՄՈՒԼ.am լրատվականին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները բողոքում են գործարանի գաջի արտադրամասի արտանետած անտանելի գաջի փոշուց:

Բնակիչները մատնացույց էին անում ավտոմեքենաներն ու բնակարանները, որոնք պատված են փոշու թանձր շերտով: Անգամ դժվար է որոշել մեքենաների գույնը, քանի որ գաջի փոշին բոլոր մեքենաները դարձրել է միագույն: Երեխաները ևս միացել են բողոքի ցույցին: Նրանք կես կատակ կես լուրջ ֆոտոլրագրողին հայտնել են, որ իրենք, եթե ցանկանան էլ, չեն կարող զբաղվել ուսմամբ կամ սպորտով, ու երևի իրենց ապագան էլ գործարանում գաջի տոպրակները քաշ տալն է լինելու:

Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ իր ունեցած տեղեկություններով գաջի գործարանը պատկանում է Հայրապետյաններին, ովքեր ժամանակին խոստացել են տեղադրել համապատասխան օդի զտիչներ (ֆիլտրեր), սակայն խոտումն այդպես էլ մնացել է խոստում: Բնակիչները հայտնել են նաև, որ իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, մասնավորապես, բնապահպանության նախարարություն, սակայն, երբ բնապահպանության նախարարության չինովնիկները եկել են ստուգման, հայտարարել են, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, հավանաբար,. նրանց այցելության ժամանակ արտադրամասերն ուղղակի չեն աշխատել: Բնակիչները դիմում են ԶԼՄ-ներին` հայտարարելով, որ այս հարցերով իրենք այսօր դիմելու են պատկան մարմիններին. ՀՀ կառավարությանը, բնապահպանության նախարարությանը, վարչական շրջանի ղեկավարությանը:

Երեխաները բողոքի իրենց ուրույն ձևն են գտել. մեքենաների վրա նստած` գաջի փոշու վրա գրել են կոչեր` «մի կեղտոտեք մեր օդը, պահանջում ենք մաքուր օդ, մենք չենք կարող փոշու մեջ սովորել»: Բողոքող բնակիչների միակ հույսը ՀՀ նախագահն է: Նրանք հույս ունեն, որ երկրի ղեկավարը հանձնարարական կտա բնապահպանության նախարարության աշխատակիցներին` զբաղվել այս խնդրով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

18:23 Հոկտեմբեր 24, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news