Ալավերդու պղնձաձուլարանում վթարային որևէ իրավիճակ չի հայտնաբերվել, քաղաքը ծխագազերով է պատվել եղանակային պայմանների պատճառով

Ալավերդու պղնձաձուլարանում վթարային որևէ իրավիճակ չի հայտնաբերվել, քաղաքը ծխագազերով է պատվել եղանակային պայմանների պատճառով

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 15-ին ԷկոԼուրն ահազանգ ստացավ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներից, որ քաղաքը պատված է Ալավերդու պղնձամոլիբդենային կամբինատի ծխագազերով:
ԷկոԼուրն ահազանգն ուղղեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
«Ալավերդի քաղաքում տարածվող ծխի հետ կապված քաղաքացիների բողոքների հետքերով Բնապահանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ:

Վթարային որևէ իրավիճակ չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ եղանակային պայմաններից ելնելով (անձրևային)` օդի խոնավությամբ պայմանավորված, գործարանի արտանետումները ծանրանալով չեն ցրվում ամբողջությամբ և հիմնականում արտանետումները նստում են ցածրադիր վայրերում:

Այս առումով Բնապահպանության և ըներքի տեսչական մարմնի հորդորով՝ կոմբինատի տնօրինությունը վստահեցրել է, որ որոշակի ժամանակով կնվազեցնի արտադրողականության ծավալները»,- նշված է առումով Բնապահպանության և ըներքի տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

ԷկոԼուրի հետ զրույցում Բնապահպանության և ըներքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց, որ ներկայումս տեսչության աշխատակիցները Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում ուսումնասիրություն են իրականացնում:

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների կապակցությամբ Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում հունիսի 16-ին տեղի ունեցավ հանրային քննարկում` տեղացիների, գիտնականների, Ալավերդու ավագանու անդամների մասնակցությամբ: «Քննարկման վերջում ձեռքբերվեց համաձայնություն պատրաստել դիմում նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրին անմիջական միջամտություն ունենալու և կառավարություն-գործարան-բնակչներ եռակողմ ձևաչափի երկխոսություն սկսելու համար, որն ուղղված կլինի գործարանի ծխի արտանետումների վերացմանն ուղղված ջանքերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Նշենք, որ UNEP/GRID ARENDAl, ԵԱՀԿ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, Ալավերդու քաղաքապետարանի եւ Ալավերդու Օրհուս կենտրոնի մասնակցությամբ 2009թ-ին պատրաստված «ԳԵՈ Ալավերդի՝ շրջակա միջավայրը եւ քաղաքային զարգացումը» զեկույցի համաձայն` Ալավերդիում արտանետվում է 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ:

Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների` ծծմբային անհիդրիդն այն գործոններից է, որը կարող է հանգեցնել պտղի մահացման, վաղահաս ծննդաբերության, վիժումների և մեռելածնության:

Լուսանկարը` Աստղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Հունիս 18, 2018 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր