Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, տո՞ն, թե՞…

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, տո՞ն, թե՞…

ԷկոԼուր

Հունիսի 5-ին նշում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը «Բնության ժամանակն է» կարգախոսով: Ի՞նչ է մեզ պարտավորեցնում այդ օրը և կարգախոսը, ամենից առաջ մարդու և բնության փոխհարաբերությունների վերագնահատմանը, արժեքների պահպանմանը, որոնց ստեղծմանը գործում մարդը կապ չունի, բայց օգտագործում է՝ հաճախ ոչնչացնելով և չմտածելով այն մասին, թե ինչ է թողնում իրենից հետո:

Համաշխարհային օրը նշվում է COVID 19-ի կարանտինի խոշորացույցի ներքո, և ավելի ու ավելի են հայտնաբերվում «մարդ և բնություն» հարաբերություններում թույլ և ուժեղ կողմերը, ակնհայտ են դառնում խոցելի կետերը և միտումները:

Կենսաբազմազանություն

Կենսաբազմազանությունը ցավոտ թեմա է Հայաստանի համար: 1989-ից 2010 թվականներին Հայաստանի Կարմիր գիրքը համալրվեց անհետացման եզրին հայտնված նոր տեսակներով՝ 367-ի փոխարեն 452 բուսատեսակ, 99-ի փոխարեն 153 ողնաշարավոր կենդանի, որոնց ավելացել են 155 անողնաշարավորներ և 40 տեսակի սնկեր: Կարմիր գրքի հրատարակումից անցել է 10 տարի: Այդ ժամանակահատվածում խախտվեցին գետերի էկոհամակարգերը փոքր ՀԷԿ-երի պատճառով, անտառային էկոհամակարգերը պաշտոնապես թույլատրված և ապօրինի ծառահատումների արդյունքում, Սևանա լճի էկոհամակարգը վատ կառավարման արդյունքում, պատշաճ վերահսկողության բացակայության և կոռուպցիայի պայմաններում: Խախտվեցին լանդշաֆտները հողերի զավթմամբ և կառուցապատումներով: Այս բոլորն ուղեկցվեց կենսաբազմազանության կորստով, որը չկարողացան փոխհատուցել հազվագյուտ հանդիպող տեսակների պահպանմանն ուղղված ծրագրերը: Պետք է վերահրատարակել Կարմիր գիրքը և հասկանալ, թե մենք ինչպես պետք է պահպանեինք մեր ֆլորան և ֆաունան, և ինչպես է դա ստացվել:

Ջուր

Գետերը, լճերը, արտեզյան ջրերը Հայաստանի հարստությունն են: Այսպես գրում են Վիքիպեդիայում, տարբեր զբոսաշրջային տեղեկատուներում և ուղեցույցներում: Շուրջ 9480 գետ և 100 լիճ, շա՞տ է դա, թե՞՝ քիչ: Շատ է, եթե հաշվի առնենք, որ գետերը սնող աղբյուրներից շատերը տալիս են մաքուր, քաղցրահամ ջուր լավ համային որակներով: Քիչ է, եթե նայենք, թե ինչով են գետերն աղտոտվում՝ աղբով, պլաստիկով, կոյուղաջրերով, ձեռնարկությունների թափոններով: Միայն պաշտոնական տվյալներով 5-րդ դասի ամենաբարձր աղտոտվածություն ունի Հայաստանի 22 գետ տարբեր հատվածներում: Մաքրման կայանները լավ թեմա են ջրի մաքրության մասին խոսելու համար, և այս թեման քննարկվում է կառավարության մակարդակով ավելի քան 20 տարի: Ներկայումս մաքրման կայանների մեծ մասն իրականացնում է մեխանիկական մաքրում: Մարզերի մեծ մասում գետեր է լցվում այն ամենն, ինչ արտադրում է մարդը՝ սկսած կենցաղային աղբից մինչև արդյունաբերական: Փոքր ՀԷԿ-երի ճնշման տակ է հայտնվել 70 գետ, որոնք դերիվացիոն խողովակաշարերի հատվածներում փակվել են խողովովակների մեջ: Այդ խողովակների երկարությունը երբեմն զբաղեցնում է գետի երկարության մինչև 60 տոկոսը:

Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի էկոհամակարգի խախտումը ճանաչվել է որպես աղետ, իսկ հասարակությունը կարծում է, որ դա էկոլոգիական հանցագործություն է: Ձկնաբուծական բիզնեսը, որը կարող էր դառնալ հաջողակ և օրինակելի, ոչ իրավաչափ գործողությունների և օլիգարխների ու իշխանությունների միջև գործարքների արդյունքում Արարատյան դաշտում դարձավ ստորգետնյա ջրերի հաշվեկշռի խախտման պատճառ: Արդյունքում ջրային ավազանը ջրազրկվում է, ստորգետնյա հորերը, որոնք ծառայում են որպես մաքուր խմելու և ոռոգման ջրի աղբյուր, չորանում են, հողերը վերածվում են աղուտների, Արարատյան դաշտում ջրի սով է:

2020թ-ի ամռան վերաբերյալ կանխատեսումները սփոփիչ չեն, արդեն հնչել է պաշտոնական հայտարարություն, որ 2020թ-ը սակավաջուր տարի է: Թե ինչ որոշումներ կընդունվեն, դեռ հայտնի չէ, և կա մտավախություն, որ կընդունվի Սևանա լճից լրացուցիչ ջրառի որոշում:

Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել, այսինքն, նախորդ տարում 2020թ-ի համար կանխատեսված մասշտաբային ծաղկումը կապտականաչ ջրիմուռներվ իրականանում է: Ինչո՞վ է դա սպառնում մեր ռազմավարական օբյեկտին և շուրջ 38 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի պաշարին, սպառնում է ճահճացմամբ, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական կորուստներով:

Հանքարդյունաբերություն

Մետաղական հանքերի շահագործման ընդերքօգտագործման իրավունք ունեցող 28 հանքարդյունաբերական ձեռնարկություններից աշխատում է 6-7 ընկերություն: Բայց շրջակա միջավայրն աղտոտում են թե՛ աշխատողները, թե՛ չաշխատողները: Հանքարդյունաբերական օբյեկտները միշտ կարելի է տարբերել յուրահատուկ գույնով, որը բնորոշ է պոչերին, կուտակված արտահոսքերին, չռեկուլտիվացված տարածքներին: Եվ մեզ ու մեր գալիք սերունդներին է մնացել այդ թունավոր կեղտը: Հանքարդյունաբերության բնորոշ առանձնահատկություններից է նաև օբյեկտների մասշտաբը, որոնք զբաղեցնում են տասնյակ հեկտարներ նախկին արոտավայրերի, անտառների, գյուղատնտեսական հողերի տեղում:

Այս ֆոնին չարժե խոսել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայքարի հաջողությունների մասին: Կարելի է ոգևորվել առանձին ծրագրերով և հաջողություններով, բայց միայն այն համատեքստում, թե ինչ պետք է արվի, և ով ու ինչպիսի պատասխանատվություն է դրա համար կրում:

10:48 Հունիս 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news