Էկոանձնագիր ստանալու համար «Մարտունի» ՓՀԷԿ-ի տնօրենը խոստացել է տեղադրել ջրաչափ և առցանց համակարգ

Էկոանձնագիր ստանալու համար «Մարտունի» ՓՀԷԿ-ի տնօրենը խոստացել է տեղադրել ջրաչափ և առցանց համակարգ

ԷկոԼուր

«Մենք ցանկանում ենք էկոնաձնագիր ստանալ և դիմում ենք ներկայացրել բնապահպանության նախարարություն ու պարտավորվել 3 ամսվա ընթացքում տեղադրել մեր ՀԷԿ-ում ջրաչափ և առցանց համակարգ», - ասաց «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի տնօրենը Մարտունիի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հանդիպումը պահանջել էին Մարտունի քաղաքի բնակիչները, հասարակական գործիչներն ու քաղաքապետը` քննարկելու ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական և սոցիալական խնդիրները:

Մարտունեցիները բարձրաձայնեցին, որ ինչպես այս, այնպես էլ Սևանի ավազանում կառուցված մնացած փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են տեղի բնությունը, ձկնաշխարհը, ջրազրկում գետերը:

«Սևանի մասին օրենքով Սևանը սնուցող ոչ մի գետի վրա չի կարելի ՀԷԿ կառուցել, ոչ Մարտունի, ոչ Վարդենիկ, ոչ Արգիչի: Ես առաջարկում եմ ապամոնտաժել բոլոր ՀԷԿ-երը Սևանի ավազանում կառուցված: Թող պետությունը, այն մարդիկ, ովքեր տվել են թույլտվություն, փոխհատուցեն այդ ընկերություններին», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

Իր հերթին «Մարտունի» ՓՀԷԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ ձկների ձվադրման ժամանակ իրենք կանգնեցնում են ՀԷԿ-ի աշխատանքը: Որպես օգուտ տնօրենը նշեց որ Մարտունու շրջանից 10 աշխատող են պահում: ՓՀԷԿ-ի սեփականատերն էլ, ըստ տնօրենի, ռուսաստանաբնակ հայ է, ով ներդրում է արել, ՀԷԿ է կառուցել և մտադիր չէ այն ապամոնտաժել:

Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, թեպետ տեսնում է պատճառվող վնասները, կողմնակից չէ ՓՀԷԿ-ի ապամոնտաժմանը: Նա ասաց, որ պետք է գտնել «ոսկե» միջինը: «Մենք գիտենք, որ բոլոր ՀԷԿ-երը վնաս են տալիս. ջուրը վերցնում են, բնությունը չորանում է, կենդանական աշխարհը ոչնչանում է, բայց փակմանը կողմ չենք և դրան չենք գնում: ՀԷԿ-ը պետք է այնպես աշխատի, որ չոչնչացնի բնությունը, համայնքի համար էլ ներդրումներ անի: Պետք է «ոսկե» միջինը գտնել», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արմեն Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ 10 օր ժամանակ են տվել «Մարտունի» ՓՀԷԿ-ի տնօրինությանը բարձրացված խնդիրների համար լուծումներ առաջարկելու: Իրենք էլ այդ ընթացքում կհաշվարկեն ՓՀԷԿ-ի շահագործման բնապահպանական և սոցիալական վնասները ու կպահանջեն փոխհատուցում:

Քաղաքապետը հավելեց, որ ընկերությունից պահանջել են նաև ներկայացնել ապացույցներ, որ ՓՀԷԿ-ի կառուցման համար անցկացվել են հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ. «Թող փաստաթղթեր, տեսաձայնագրություն բերեն, ապացուցեն, որ լսումներ եղել են, բնակիչները մասնակցել են: Եթե բերեցին, ես ներողություն կխնդրեմ, եթե` ոչ, այդ հարցը նորից կդնենք քննարկման»:

14:29 Մայիս 17, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news