Հակոբ Հակոբյանի որդին վարդենիկցիներին խոստացել է ապահովել «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի բնապահպանական նորմերը

Հակոբ Հակոբյանի որդին վարդենիկցիներին խոստացել է ապահովել «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի բնապահպանական նորմերը

ԷկոԼուր

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին` «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի ամենամեծ բաժնետեր Պարույր Հակոբյանը, վարդենիկցիներին խոստացել է ապահովել «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի բնապահպանական նորմերը և տարեկան ներդրում կատարել համայնքի համար: Վարդենիկցիների հետ ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-ին բնակիչների պահանջով: Այս մասին էկոԼուրի հետ զրույցում ասաց տեղական «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ Արտուշ Խաչատրյանը:

«Երկու պահանջ է դրվել ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ առջև: Սռաջինը` պահանջել ենք ապահովել բոլոր բնապահպանական նորմերը, որոնք այսքան ժամանակ չեն պահպանվել, տեղադրել ջրաչափ և ապահովել օնլայն ռեժիմ, որպեսզի մենք միշտ կարողանանք հետևել ՓՀԷԿ գնացող և գետ լցվող ջրի քանակին: Երկրորդը` պահանջել ենք, որպեսզի ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը տարեկան ներդրում կատարի համայնքի համար: Այդ նպատակով համայնքապետարանին կից կբացվի հիմնադրամ»,- ասաց Արտուշ Խաչատրյանը` նշելով, որ Պարույր Հակոբյանը խոսք է տվել բնակիչներին կատարել դրված պահանջները, իսկ համայնքի համար պահանջված գումարի չափը կորոշվի մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Վարդենիկի բնակիչները մայիսի 2-ին փակել էին Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի ջրամատակարարումը, քանի որ ՓՀԷԿ-ը չի ապահովում գետի էկոլոգիական թողքը, և գետը ցամաքում է: Բողոքի ակցիայի մյուս  պատճառն էլ այն էր, որ Հակոբ Հակոբյանը մայիսի 1-ին դեմ էր քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ պատգամավորը խոստացել էր մայիսի 8-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Սակայն Փաշինյանին կողմ քվեարկած 13 ՀՀԿ-ական պատգամավորների ցանկում Հակոբ Հակոբյանի անունը չկար: Բնակիչները պատգամավորին մեղադրում էին իրենց խաբելու մեջ և պահանջում վայր դնել պատգամավորական մանդատը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանի թիմակիցները պարզաբանել են` պատգամավորը չի նշել, որ անձամբ է կողմ քվեարկելու, ասել է, որ ՀՀԿ-ն կապահովի ձայներ Փաշինյանի ընտրվելու համար, ինչն էլ արել է:

18:28 Մայիս 10, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news