«Քաղցրաշենի ծրագիրը ոնց կար, այդպես մնացել է». Գառնին առաջարկում է այլընտրանք

«Քաղցրաշենի ծրագիրը ոնց կար, այդպես մնացել է». Գառնին առաջարկում է այլընտրանք

ԷկոԼուր

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքներն ընթանում են: Գառնի համայնքի բնակիչների կարծիքով՝ ծրագրի փոփոխված տարբերակը ևս անարդյունավետ է: Գառնի կատարած ԷկոԼուրի այցի ժամանակ գառնեցիները նշեցին, որ Ազատ գետի ջուրը չի բավականացնում իրենց հողերը ոռոգելու համար, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում, բացի այդ, տապալվում է ծրագրի գլխավոր նպատակներից մեկը՝ խնայել էլեկտրաէներգիա, քանի որ ինքնահոսի փոխարեն աշխատելու է պոմպակայան:

Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ` ոռոգման համար: Ծրագրի առաջին տարբերակով նախատեսվում էր Ազատ գետի միջին հոսանքներից ջրառ իրականացնել: Սակայն գառնեցիները դեմ արտահայտվեցին մոտեցմանը, քանի որ զրկվելու էին ոռոգման ջրից, անապատանալու էր Գառնիի կիրճը: Գառնեցիների պայքարի արդյունքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն փոփոխեց ծրագիրը` ջրառի կետը տեղափոխելով Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Ջրառի համար էլեկտրաէներգիայի օգնությամբ աշխատելու է պոմպակայան: Ծրագրի արժեքն է 10.4 միլիոն դոլլար:

Գառնեցիներն առաջարկում են արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները և ջրառ իրականացնել`օգտագործելով արևային կայանների ստացված էլեկտրաէներգիայով:
«Ծրագիրը համարվում է ինքնահոս ոռոգման ծրագիր, բայց ինքնահոս ոռոգում արդեն չի ապահովվում, ջուրը պետք է մղեն պոմպերով: Ավելի լավ չէ՞ այդ գումարներով ստանալ էժան էլեկտրաէներգիա՝ կառուցելով արևային կայաններ: Մենք գտնում ենք, որ դա ավելի շահավետ է», - ասաց Գառնի համայնքի բնակիչ Արուսյակ Այվազյանը:

«Հիմա կառավարությունում բոլորը խոսում են նորագույն տեխնոլոգիաներ ներմուծելու, դրանով օգուտ բերելու մասին, իսկ այդ խողովակաշարով տեղափոխելու խնդիրն արդեն անցած դարի խնդիր է: Ի՞նչ է նշանակում ջուրը խողովակով, ինքնահոս համակարգով տեղափոխել, սովետական շրջանից մնացած գաղափար է դա: Կարելի էր նույն գումարը ներդնել, ստանալ արևային էներգիա, և լուծել այդ խնդիրը շատ ավելի լավ տարբերակով», - նշեց Գառնի մեկ այլ բնակիչը:

«Իմ կարծիքով, ծրագիրը ոնց կար, այդպես էլ մնացել է: Ինչ վերաբերում է մեր գետին, մեր տաճարի տակից տանելուն, անօրինական էր, և ժողովուրդը դուրս եկավ պայքարի: Հիմա մեր նպատակն այն է, որ մեր ռեսուրսները օգտագործենք արևային կայանների հիման վրա», - ասաց բնակիչը:
«Խնդիրն առաջնահերթ բնապահպանական խնդիր է, քանի որ եթե այս ծրագիրն իրականացվում էր մեր տաճարի տակից, անզեն աչքով էլ հասկանալի էր, որ ջուրն այդ տեղից պակասելու էր, կիրճում լուրջ բնապահպանական խնդիր էր առաջանալու», - նշեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը և հավելեց. «Նույն պոմպակայանը կարելի է աշխատացնել արևային կայանների ստացած էներգիայով: Բացի այն, որ ավելի քիչ ծախսատար է, սա նաև բնապահպանական խնդիրներ չի առաջացնում»:

«Ես համաձայն չեմ` մեր Գառնիի ջուրը տանեն, Գառնին կկորցնի իր գեղատեսիլ հմայքը: Գալիս են տուրիստները, հիանում են մեր Գառնիով: Այդ բոլորը որ կորցնենք, էլ ի՞նչ անենք մենք...Մեզ մոտ ջուրը շատ սակավ է, մայիսը դուրս եկավ, մենք դեռ ոռոգում չենք արել: Թող թողնեն գառնեցիներին հանգիստ մնան», - բողոքեցին տեղացիները:

Մանրամասները՝ տեսանյութում:



16:23 Մայիս 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news