ԷկոԼուր
Սույն թվականի օգոստոսի 8-ին` Ազատի կիրճում, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի երիտասարդ բնակիչ Լ. Ս-ն: Դեպքից մի քանի ժամ անց ԷկոԼուրի նկարահանող խումբը եղավ շինարարական աշխատանքների տարածքում: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ականատեսները, Լ. Ս-ն խողովակաշարի վրա իրականացնելիս է եղել էլեկտրաեռակցման աշխատանքներ, երբ էքսկավատորի կովշը, չենթարկվելով կարգավորումներին, ընկել է աշխատակցի վրա և ծանր վնասվածքներ հասցրել նրան: Լ. Ս-ին Գառնիի շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ էլ վիրահատարանում նա մահացել է:
Սա ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 244 հոդվածի` «Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը», կոպիտ խախտում է, որը հանգեցրել է մահվան ելքի: Անհրաժեշտ ենք համարում, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը ակտ կազմի դժբախտ դեպքի կապակցությամբ` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին Քաղցրաշենի ծրագրի աշխատանքի պայմանների անհամապատասխանության վերաբերյալ:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրականացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն Համաշխարհային բանկի վարկային միջոցներով:
Օգոստոս 09, 2017 at 13:24