2017թ-ին Արարատյան դաշտի խոշոր ձկնաբուծարաններում կտեղադրվի ջրի 20 ավտոմատ կառավարման համակարգ

2017թ-ին Արարատյան դաշտի խոշոր ձկնաբուծարաններում կտեղադրվի ջրի 20 ավտոմատ կառավարման համակարգ

ԷկոԼուր

2017թ-ին Արարատյան դաշտի խոշոր ձկնաբուծարաններում կտեղադրվի փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման 20 համակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառումն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանի համաձայն` 2015թ-ին ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ, Մեծամոր և Արաքս համայնքների ընտրված ձկնաբուծական տնտեսությունների երեք հորատանցքերում տեղադրվել են թվային ջրաչափական սարքավորումներ: Պիլոտային ծրագիրը տվել է դրական արդյունք: Նախատեսվում է սույն համակարգը ներդնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների գերշահագործման արդյունքում Արարատյան դաշտը հայտնվել է անապատացման վտանգի առաջ: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերշահագործման արդյունքում ավելի քան 300 ինքնաշատրվանող հորատանցքերի ելքերը նվազել են մոտ 10 անգամ: Մոտ 205 հորատանցքեր դադարել են շատրվանել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն առաջարկում է խնդրի կարգավորման համար 2017-18 թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը հորատանցքերով սահմանափակել տարեկան մինչև 1.1 միլիարդ խմ սահմաններում ներկայումս իրականացվող է 1.6 միլիարդ խմ ջրառի փոխարեն, որից 800 միլիոն խմ-ն ուղղվում է ձկնարտադրությանը:

16:10 Փետրվար 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news