«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Գետահովիտը բաժանվել է երկու մասի (լուսանկարներ)

«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Գետահովիտը բաժանվել է երկու մասի (լուսանկարներ)

ԷկոԼուր

«Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի պատճառով Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը բաժանվել է երկու մասին` դեմ եւ կողմ: Այս փաստը արձանագրեցին  Համահայկական բնապահպանական ճակատի անդամները մայիսի 28-ին Գետահովիտ կատարած այցի ժամանակ: «Ոչ թե գյուղը համաձայն է, այլ մեկ-երկու հոգի են համաձայն, գյուղը համաձայն չի: Ինչ էլ անում են, առանց համայնքի համաձայնության են անում…Գյուղացիներն ուղղակի վախենում են դեմ դուրս գալ:…Ազդող ուժեր կան, դրա համար էլ մարդիկ վախենում են դուրս գալ…Ընդհուպ ծեծում էլ են, թակում էլ են… Մենք մեզ հաշիվ ենք տալիս, հասկանում ենք, բայց մյուսը իր շահի համար ասում է` սարքում ենք: Սարեր են խոստանում, մարդիկ օգտվում են, էտա»,- պատմեցին «Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը դեմ գետահովիտցիները, ովքեր շատ լավ պատկերացնում են, թե ինչ վնաս է պատճառում ՓՀԷԿ-ը բնությանը:  

Սակայն ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ անձանց թվում էր Գետահովիտի գյուղապետ Թաթուլ Ղազարյանը: «Մի մասը դեմ են, ժամանակի ընթացքում կողմ կլինեն, որ տեսնեն լավ բաներ են կատարվում մեր համար»,- ասաց գյուղապետ: Նա նշեց, որ գյուղում գիշերային լուսավորություններ են անցկացրել, ջուր են քաշել, տեխնիկա են տվել և տարեկան 6 մլն դրամ նվիրատվություն են անելու: Հետագայում էլ խոսք են տվել ասֆալտապատել գյուղը: ՓՀԷԿ-ին կողմ հանդես եկողները այնքան վատ էին բնապահպան ակտիվիստների նկատմամբ տրամադրված, որ նրանց առաջ փակեցին դեպի ՓՀԷԿ տանող ճանապարհը: Իրավիճակը հարթեց Իջեւանի ոստիկանությունը` բացելով բնապահպանների ճանապարհը:

Տեղում բացակայում էր կատարվող աշխատանքներին առնչվող որևիցե պաստառ, որևէ մեկը չներկայացավ որպես աշխատանքների պատասխանատու: Դրա փոխարեն տարածքում կար ծանր տեխնիկա՝ թաքնված ծառերի արանքում, կտրված ծառեր, ավիրված կանաչ տարածք:

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը կառուցում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Գետահովիտում անց էր կացվել ստորագրահավաք, որի ժամանակ 1100 բնակիչ դեմ էր արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը:

Մայիս 29, 2013 at 19:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր