ԷկոԼուր
Մարտի 14-ին աշխարհը նշեց Գետերի միջազգային օրը, որը նախկինում կոչվում էր Պատվարների դեմ պայքարի, հանուն գետերի, ջրի և կյանքի միջազգային օր:
Աշխարհի 177 խոշոր գետերից միայն մեկ երրորդի վրա չկան կառուցված պատվարներ կամ այլ կառույցներ: Գետերի վրա պատվարների կառուցումը վտանգավոր միտում է, որը սպառնում է ամբողջ մոլորակի բնությանը: Իսկ դրանց փլուզումները կարող են հանգեցնել մարդկային զոհերի և ավերածությունների:
Նշենք, որ Հայաստանում ևս գետերի հուները փակված են պատվարներով, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայանների: Այդ կառույցների պատճառով շատ գետեր ջրազրկվել են, իսկ գետային կենսաբազմազանությունը՝ ոչնչացել: ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2014-2018թթ. ընթացքում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ իրականացրած ծրագրերի շրջանականերում փորձագիտական խումբը մշտադիտարկել է 125 փոքր ՀԷԿ, բարձրացրել դրանց շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական և սոցիալական խնդիրները, ներկայացրել օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ ՀՀ կառավարություն:
Հայաստանում գետերի խնդիրներից է նաև աղտոտվածությունը: Գետերն աղտոտվում են կոյուղաջրերով, կոշտ կենցաղային աղբով, արդյունաբերական արտահոսքերով:
Ըստ ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի 2019թ-ի 4-րդ եռամսյակի տվյալների՝ Հայաստանում 5-րդ՝ ամենաբարձր դասի աղտոտվածություն ունեն Կարևճան, Ողջի, Աճանան, Դեբեդ, Ախթալա, Շնող, Վարարակ, Քասախ, Մեծամոր, Գեղարոտ, Հրազդան, Գետառ, Մարմարիկ, Տանձաղբուր, Որոտան, Մեծամոր, Գեղարոտ, Փամբակ, Տաշիր, Ախուրյան, Կարկաչուն, Տանձաղբյուր գետերը:
Վերջին տարիներին դիտվում է նաև գետերի ջրային ռեսուրսի նվազում կլիմայի փոփոխության հետևանքով: Հայաստանում կլիմայի փոփոխության մասին 3-րդ ազգային զեկույցի համաձայն՝ գետային հոսքը մինչև 2030 թ-ը կնվազի 11,9% -ով, մինչև 2070 թ-ը՝ 24% -ով, իսկ մինչև 2100 թ-ը՝ 37.8% -ով:
Մարտ 16, 2020 at 20:21