Քաղցրաշենի խնդրահարույց ծրագրի շուրջ վեճերը հասան Երևան

Քաղցրաշենի խնդրահարույց ծրագրի շուրջ վեճերը հասան Երևան

ԷկոԼուր

Այսօր «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ում առավոտյան ժամը 11:00-ին նախատեսված էր անցկացնել քննարկում՝ կապված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի հետ: Երբ նշված ժամին ծրագրով հետաքրքրված անձիք հավաքվեցին քննարկման վայրում, պարզվեց, որ քննարկումը սկսվել է նախատեսված ժամից մոտ ժամ ու կես առաջ և արդեն ավարտվել է: Սա բողոքի ալիք բարձրացրեց հավաքվածների մոտ, և նրանք պահանջեցին կրկին անցկացնել քննարկումը:

Ծրագրի պատասխանատու «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը հայտնեց, որ այս հանրային քննարկումը իրականացվում է ոչ թե փորձաքննության շրջանակներում, քանի որ նախագիծն արդեն անցել է փորձաքննության գործընթացը և ստացել դրական եզրակացություն, այլ պատասխանատու և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությամբ: Նշենք, որ դոնոր կազմակերպությունից՝ Համաշխարհային բանկից, քննարկմանը ոչ ոք ներկա չէր:  

Քննարկման ողջ գործընթացն անցավ լարված մթնոլորտում: Մասնակիցները բարձրացրեցին բազմաթիվ խնդրահարույց հարցեր՝ կապված Ազատ գետից վերցվող ջրաքանակի, Խոսրովի արգելոցի եւ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի, Գառնի համայնքի վրա սոցիալական ազդեցության հետ:

Որպես առաջնային խնդիր առանձնացվեց ջրի քանակության հարցը: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը վստահ է, որ Ազատ գետի ջրաքանակը չի բավականացնի Քաղցրաշենի ոռոգման համակարգն աշխատեցնելու և գետում բավարար քանակությամբ բնապահպանական թողք թողնելու համար:

«Բնապահպանական թողք Ազատ գետում սահմանված էր 850 լ/վրկ: Ազատ գետից ձեր ջրառից վերև կատարվում են բազմաթիվ անվերահսկելի ջրառներ՝ «Երևան ջուրը», ոռոգման ջրառ է կատարվում Գողթ և հարակից համայնքերի համար: Ձեզ մոտ նշված է, որ իրենք ոռոգման համար օգտագործում են 100 լ/վրկ ջուր: Ես անձամբ անցյալ տարի եղել եմ այդ տարածքում ոռոգման համակարգի վրա: Իրենք ասացին, որ մենք վերցնում ենք 300-400 լ/վրկ ջուր: Նշված չէ, թե Գառնի գյուղը որքան ջուր է  վերցնում այդ ջրառի կետից վերև: Եթե մենք այդ բոլոր ջրառները գումարենք իրար և հանենք 850 լիտր/վրկ, հանենք Քաղցրաշենի հունիսից մինչև օգոստոս ընկած ծավալները, որոնք կազմում են մոտավորապես 1000 լիտր/վրկ, կստացվի, որ այդ 850 լիտր/վրկ ջուրը ուղղակի անհնար է ապահովել», - ասաց Լևոն Գալստյանը և հավելեց, որ Քաղցրաշենի համակարգը կկարողանա գործել միայն ջրառատ տարիներին, երբ լինի 75 տոկոս ջրի ապահովվածություն: Մնացած տարիներին ջուրը չի բավականացնի, և  ծրագրի համար հատկացվող 10 միլիոն դոլար վարկը ուղղակի լցվելու է ջուրը: Գալստյանը նաև նշեց, որ նման ծրագիր իրականացնելուց առաջ հարկավոր է մի քանի տարի շարունակաբար իրականացնել ջրաչափական աշխատանքներ:

«Այստեղ ես կիսում եմ ձեր մտահոգությունը: Հնարավոր է որոշ դեպքերում լինի ջրի դեֆիցիտ, մենք չենք կարող ապահովել 3-4 տարվա ջրաչափումներ: Մենք մեկ տարվա կտրվածքով ենք իրականացրել ջրաչափական աշխատանքներ, - ասաց  «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը և հավելեց, - Ջրառը իրականացվելու է 7 ամիս՝ ապրիլից մինչև հոկտեմբեր: Իրականացվելու է 200 լիտր/վրկ սկսած մինչև 950 լիտր/վրկ ջրառ: Մեր կատարված չափումներով՝ ջրաքանակի դեֆիցիտ գրանցվեց 2015 թվականի օգոստոս ամսին: Հայտնի է, որ 2015-ը աննախադեպ սակավաջուր տարի էր, բայց այս ռիսկերը նախագծում հաշվի են առնված: Դա էր պատճառը, որ նախատեսվում է լրացուցիչ ծրագիր իրականացնել Արարատի մարզի նշված համայնքներում ներքին ցանցի վերականգնման, կաթիլային համակարգերի տեղադրման և բացառիկ դեպքերում, ինչպիսին 2015-ն էր, պոմպակայանի թույլ հզորությամբ ապահովելու ջրաքանակի դեֆիցիտը»:

Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ Հայպետհիդրոմետի տվյալները և իրենց կատարած ջրաչափական աշխատանքները ցույց են տալիս, որ ծրագիրը իրականացնելու համար առկա է բավարար ջրաքանակ: Պատասխանը չբավարարեց բնապահպանին, ով նշեց, որ թերահավատորեն է մոտենում Հայպետհիդրոմետի ջրաբանական տվյալներին. «Մենք այցելել ենք մոտավորապես 80 փոքր ՀԷԿ, որոնք անցել են նույն հիդրոմետի ջրաբանական տվյալներով: 80 փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում տվյալները 50 տոկսով չեն համապատասխանում իրականությանը: Իրենք բոլորը վերցրել են մաքսիմալ տվյալներով, նույնը կրկնվում է այս նախագծում»:

Գառնի համայնքի բնակչուհի Սառա Պետրոսյանը նշեց, որ Քաղցրաշենի ոռոգման համակարգը գործելու է Ազատ գետի ցամաքեցման հաշվին, բոլոր տվյալները խոսում են այդ մասին: Նա նաև հավելեց, որ Գառնի համայնքը Հայաստանի համար մեկ տուրիստական վայրն է, և համայնքի բնակիչները իրենց ապագան տեսնում են տուրիզմի մեջ, իսկ Քաղցրաշենի ծրագիրն այս առումով սպառնալիք է:

Բոլորովին հակառակ կարծիքի էին քննարկման համար Արարատի մարզի համայնքներից Երևան ժամանած բնակիչները: Վերջիններս էլ պնդեցին, որ իրենց անհրաժեշտ է և խմելու, և ոռոգման ջուր: «21-րդ դարում ենք ապրում, ջուր չունենք...դուք խորոված եք ուտում, մենք չենք կարողանում ջուր խմել...արտագաղթին զարկ եք տալիս, ամբողջ երիտասարդությունը թողնում, հեռանում է», - բողոքում էին Արարատի մարզի բնակիչները: Բղավելով և անգամ վիրավորական խոսքեր հնչեցնելով՝ նրանք լքեցին դահլիճը:



20:09 Հունվար 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news