Գիտական փորձ Արագածում՝ ձյունը պահպանելու ուղղությամբ

Գիտական փորձ Արագածում՝ ձյունը պահպանելու ուղղությամբ

ԷկոԼուր

Հայ գիտնականներն առաջարկում են ջուրն ամբարելու այլընտրանքային տարբերակ՝ պահպանել լեռների ձյունը ձնամբարների միջոցով և օգտագործել սակավաջուր սեզոններին որպես ջուր: ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը այլ գիտնականների հետ համատեղ հայ-շվեյցարական ''FREEZ WATER'' ծրագրի շրջանակներում 2008 թ-ից Արագածում՝ մոտ 200 քմ տարածքի վրա,  իրականացնում է ձնամբարներ ստեղծելու գիտական փորձերը:

«Մեր Հայաստանի ջրի զգալի տոկոսը գալիս է լեռներից: Արագածը պատասխանատու է Հայաստանի ջրի մոտ 30 տոկոսի համար, բայց ձյունը չափից արագ է հալչում: Եթե հնարավոր լինի հետաձգել այդ գործընթացը, ջուրը հնարավոր կլինի օգտագործել ավելի արդյունավետ,- ասաց Ռուբեն Համբարձումյանը հուլիսի 22-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ,-  այսօրվա դրությամբ այդ ջուրն ուղղակի փախչում է դեպի Արաքս: Մենք 2008 թ-ից աշխատում ենք այդ ուղղությամբ, սկսել ենք կուտակել ձյունը և ստեղծում ենք ձնամբարներ: Հիմա Արագածի լանջին գտնվող Վիշապ լճի ափին արդեն կա փոքրիկ էքսպերիմենտալ ձնամբար: Ձնամբարը ստեղծում ենք Շվեյցարիայում արտադրված գորգերի միջոցով, դրանով ծածկում ենք ձյունը, և նա սկսում է շատ ավելի դանդաղ հալչել»: 

«Գեոտեքստիլը՝ հատուկ տեսակի գորգը, ունի 3 հիմնական ֆունկցիա՝ անդրադարձնում է արևի ճառագայթները, դրանով նվազեցնելով հալվելու հնարավորությունը, իրենից ներկայացնում է բավականին լավ ջերմամեկուսիչ՝ պահպանելով սառնությունը ձյան ծավալի մեջ և պաշտպանում է քամուց: Եթե հնարավոր լինի գեոտեքստիլի արտադրությունը կազմակերպել Հայաստանում, և աշխատատեղեր կբացվեն, և կծառայի այնպիսի կարևոր խնդրի լուծման համար, ինչպիսին ջրի խնդրի՝ երկրագնդի վրա համար մեկ խնդրի լուծումն է»,- ասաց գիտական փորձի մասնակից, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը: Նրա խոսքով՝ գորգը ստացվում է սինթետիկ ձևով, և եթե այն արտադրվի Հայաստանում, ապա այս էքսպերիմենտի մաշտաբը հնարավոր կլինի ընդլայնել և ստանալ զգալի արդյունք: 

«Այս գորգերի փոքր արտադրությունը Հայաստանում կա և արտադրում է նման նպատակով, այսինքն, ջերմային մեկուսացում՝ ձյունը, սառույցը պահպանելու համար: Ես համոզված եմ, որ այդ գեոտեքստիլից օգտագործվել է Սոչիում օլիմպիադայի ընթացքում, երբ կար ձյան խնդիր»,- նշեց Ա. Համբարյանը:

Գիտական փորձի մասնակիցների խոսքով՝ տնտեսական շահավետության մասին վերջնական դատողություններ դեռ չկան: Դրա համար անհրաժեշտ է ավելի մաշտաբային էքսպերիմենտ անել: «Այսօրվա դրությամբ Գերմանիայից բերված գեոտքեստիլի միջոցով եթե մենք փորձում ենք նման փորձ անել, դա քիչ շահավետ է, համեմատած, եթե օգտագործենք տեղական արտադրությունը, իսկ տեղական արտադրությունը պետք է զգալիորեն ավելի էժան լինի: Լայնամասշտաբ էքսպերիմենտը պետք է ներառի տարբերակներ: Այսինքն, մենք միանգամից պետք է կարողանանք և գեոտեքստիլի միջոցով այդ էքսպերիմենտը անենք, և սառցադաշտի միջոցով, և նույնիսկ օգտագործենք կոմբինացված մի եղանակ, որը իրենից կներկայացնի էներգիայի գեներացիա ֆոտովոլտային պանելների միջոցով և դրա կոմբինացումը սառցի պահպանության հետ: Դա զուտ իդեա ստադիայում է գտնվում, բայց կարելի է անել որոշակի քայլեր այդ ուղղությամբ: Եթե դա հնարավոր լինի, մենք կստատանք կրկնակի օգուտ՝ ջրի պահպանում և էներգիայի գեներացիա, որը նույնպես խնդիր է Հայաստանում: Արագածի բարձրության վրա ֆոտովոլտային պանելները տեղադրելու դեպքում մենք կունենանք ավելի շատ էներգիա: Եթե Հայաստանում միջինը 1 քառ. մետրից կարող ենք ստանալ 1720 կվտ/ժամ էներգիա, ապա Արագածի վրա դա կազմում է 1900 կվտ/ժամից բարձր: Գեոտքեստիլը, եթե արտադրվում է Գերմանիայում, մեկ քառ/մետրը արժե 4 դոլլարի կարգի: Մենք գիտենք այսօրվա արժեքը: Արտադրության ինքնարժեքը մեկ դոլարից ավելի ցածր է: Մաշտաբները մեծանելուց հետո կա պոտենցիալ՝ ավելի մատչելի լինելու»,- ասաց Արտակ Համբարյանը: Այն հարցին, թե որքան ձյուն է պետք ամբարել 1 գյուղ ջրով ապահովելու համար, Արտակ Համբարյանը պատասխանեց․ «Մի գյուղի համար պետք է մոտ 3-4 քառ/կմ ձյուն ծածկել: Դա կարժենա հայկական արտադրության գեոտեքստիլով 1 միլիոն դոլարի կարգի, իսկ տված օգուտը այն, որ վարար շրջանում ունեցած կորուստներից վերցրած ջուրը օգտագործվելու է աշնանը»: Ըստ Արտակ Համբարյանի՝ ձնամբարի ստեղծումը ջրամբարից հարյուր անգամ ավելի էժան է:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարինե Դանիելյանին ծրագիրը վստահություն է ներշնչել, և նա ծրագիրը ներկայացրել է կառավարությանը: «Ցանկալի կլիներ իրականացնել պիլոտային ծրագիր, ուսումնասիրել դրական ազդեցությունը, վտանգները, որից հետո կարելի է տարածել երկրում է երկրից դուրս»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ բնապահպանության նախարարարությունը ծրագրի վերաբերյալ մտահոգություն է արտահայտել էկոհամակարգերը վնասելու վերաբերյալ:

«Իմ պատկերացմամբ, եթե մենք ամբողջ ձյունը իրոք տեղափոխենք ենթադրենք ապրիլից, մայիսից օգոստոս կամ հուլիս, ապա ակնհայտ կվնասենք, բայց եթե դա արվի շատ հստակ ժամանակացույցով, մենք կապահովագրենք մեզ սելաֆներից և միաժամանակ կկարողանանք բաշխել ձյան հալվելը այդ ամիսների ընթացքում: Դա նույն գործընթացն է, ինչ որ մենք անում ենք ջրամբարներում»,- ասաց Կ. Դանիելյանը՝ նշելով, որ էկոհամակարգերին սպառնալիք չկա: Բայց այնուամենայնիվ ուսումնասիրություններ պետք են:

Ըստ Կ. Դանիելյանի՝ ծրագրի վերաբերյալ մոտ օրերս քննարկում կկազմակերպվի բնապահպանության նախարարությունում՝ ընդհանուր եզրակացության գալու համար, որից հետո այն կքննարկվի նաև կառավարությունում:  Նրա կարծիքով՝ ձնամբարների ստեղծումը չի նշանակում, որ ջրամբարները պետք  չեն, մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ լրացնում: «Արդեն մի քանի տարի ծրագրեր ունենք ջրամբարներ կառուցելու, բայց այդ ծրագրերի ֆինանսական դժվարությունների պատճառով չեն իրականացվում: Իմ կարծիքով՝ այդ երկու ծրագրերն իրար հետ պետք է աշխատեն»,- ասաց Կ. Դանիելյանը՝ նշելով, որ այս գաղափարը հետաքրքիր է նաև նրանով, որ միաժամանակ զուգակցում է արեգակնային էներգիայի ստացման հետ: 

Հարցին, կա՞ արդյոք վտանգ, որ լեռներից սնվող գետերի հոսքը կնվազի և կառաջանան էկոհամակարգային խնդիրներ, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ մարտ, ապրիլ, մայիսին, քանի որ ձյան հալոցքը միանգամից է տեղի ունենում, ջուրը գետերով սելաֆներով գնում է, իսկ հետո հունիս, հուլիս, օգոստոս, մինչև սեպտեմբեր էկոհամակարգերը ջրազրկվում են: Եթե մենք կարողանանք սա այնպես կարգավորել, որ սելաֆ չունենաք, իսկ ամռանը անապատացման ռիսկեր չլինեն, պիտի որ դրական էֆֆեկտ լինի»:

Կադրեր Արագածից և մամուլի ասուլիսի մանրամասները` տեսանյությում:



20:31 Հուլիս 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news