Դարանակցիներն արդեն մաքուր խմելու ջուր ունեն

Դարանակցիներն արդեն մաքուր խմելու ջուր ունեն

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ գյուղի բնակիչների տան ծորակներից մոտ մեկ ամիս է, ինչ մաքուր ջուր է հոսում: 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դարանակում 2 կմ 400 մ երկարությամբ խմելու նոր ջրագիծ է կառուցվել Սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Տեղադրվել են ցանցապատ, փակ ջրավազաններ: 

«Գետնի երեսով բացարձակ ջուր չի գնում, որտեղից դուրս է գալիս, այնտեղից անմիջապես մտնում է ջրավազան», - ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Դարանակ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանը: Նրա խոսքով՝ գյուղում երեք նոր ջրավազան է տեղադրվել:

Երկար տարիներ Դարանակի բնակիչների համար մաքուր ջուր ունենալը երազանք էր: Դարանակում խմելու ջուրը գոյանում է սարերում գտնվող բնական ակունքներից: Մինչ խողովակաշարի անցկացումը, ջրի՝ դեպի ջրավազանին միացնող խողովակները բաց էին, ջրավազանը՝ նույնպես: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ուներ, անգամ ջրում որդեր են եղել:

Գյուղի բնակիչ Գյուլնազ Գրիգորյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ հիմա ջրի որակից շատ գոհ են. «Շուրջօրյա է: Եկել են, տարել ստուգման ու ասել, որ մաքուր է»: Միակ խնդիրն, ըստ Գրիգորյանի, ջրի սակավությունն է: Բնակչի խոսքով, ձմռան և գարնան ամիսներին ջրի սակավությունը չի զգացվի, սակայն, երբ ամռանը ամառանոցների բնակիչները գյուղ վերադառնան, չի բավականացնի: «Ամռանը, որ դաչնիկները գան, ջուրը քչություն կանի: Պետք է ուրիշ տեղից էլ ջուր բերվի: Բայց դե բոլոր տեղերում ջրի սակավություն կա»,- նշեց նա:

Հովիկ Կարապետյանի կարծիքով՝ ամռանը ջրի սակավության խնդիր չի լինի: Նա ԷկոԼուրին ասաց, որ իրենց գյուղում գտնվող Դարանակ գետի վրա կառուցված «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի սեփականատերը ոռոգման սեզոնին դադարեցնելու է ՓՀԷԿ-ի աշխատանքը:

«Մինչև դեկտեմբեր ձյուն չեկավ, սարերի մեջ ջուր չէր մնացել: Բայց ՓՀԷԿ-ն ամռանը կանգնեցնում են: Մենք էլի ջրավազաններ ունենք, որտեղ այլ  ակունքներից հոսող ջուրն է լցվում: Երբ ՓՀԷԿ-ն աշխատում է, սարը սնուցում չի ստանում, աղբյուրները կտրվում են: Իսկ երբ չի աշխատում, խմելու ջրերը սկսում են գալ: Գետը գալիս է, սարը ջուր է ընդունում, սարի տակից ֆիլտրացիա եղած ելնում է:  Այս ծրագիրը շատ օգնեց: Եթե խնդիր լինի, ամռանը դա էլ կկարգավորենք»,- ասաց նա: 

 

14:48 Հունվար 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news