Ջրի խնդիրը Տարոնիկում

Ջրի խնդիրը Տարոնիկում

ԷկոԼուր

ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը, որը ժամանակին հայտնի է եղել իր ջրային պաշարներով և որտեղից ՀԱԷԿ-ի համար ջրառ է իրականացվել, այսօր ոռոգման և խմելու ջրի խնդիր ունի: Ինքնաշատրվանող հորերը ցամաքել են, ջրի հորիզոնն` իջել: Տարոնիկցիները ջրի խնդիրը պայմանավորում են Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարաններով, որոնք շատ ջուր են արդյունահանում ընդերքից:

«Նախկինում ունեցել ենք մի 60 հատ ինքնաբուխ հոր: Այդ աղբյուրներն այսօր ցամաքել են: Արարատի տարածքում ավելի մեծ հորատանցքեր հորատեցին՝ տասնյակ անգամ ավելի շատ արտադրողականությամբ: Մեր ջրերը նստեցին», - նշեցին բնակիչները:

Տարոնիկ համայնքը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ-ն՝ ոռոգման ջուր տրամադրելով Ալնալճից և խորքային հորերից: Ակնալճի ջրով ոռոգվում են Տարոնիկի, Առատաշենի և Արշալույսի հողերը: ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ արդեն մայիսին Ակնալճի մակարդակը ցածր է, և հնարավոր է՝ ոռոգման սեզոնին չբավարարի 3 համայնքների ջրի պահանջարկը:

Ակնալիճ

Մյուս խնդիրն այն է, որ Տարոնիկում հողային հունով ոռոգման առուներով է ջուրը տրվում գյուղացուն և ջրատարից հեռու գտնվող հողատարածքներին ջուրը չի հասնում: Այդ պատճառով որոշ գյուղացիներ անմշակ են թողել իրենց հողերը:

«Ում հողը մոտիկ է ջրատարին, ով առաջին ջուր ունի, նա ինչի՞ պիտի բողոքի: Իմ հողն ամենավերջում է, ջուր չի հասնում: Ես ի՞նչ պիտի մշակեմ»,- բողոքեց Տարոնիկի բնակիչը: ԷկոԼուրի հետ զրույցում տարոնիկցիները նշեցին, որ ոռոգման ջրի խնդիր է առաջանում նաև այն պատճառով, որ խոշոր հողատերերի կողմից ոռոգում իրականացնելուց հետո իրենց էլ ջուրը չի բավականացնում:


Տնամերձների 30-40%-ը, ըստ Տարոնիկի համայնքապետարանի աշխատակիցների, ջերմոցային տնտեսություն ունի, որի ոռոգումն իրականացվում է տնամերձ հորերից, հիմնականում`կաթիլային եղանակով: Ինչպես ԷկոԼուրի հարցումներից պարզ դարձավ, համայնքում խփված խորքային հորերը ջրաչափ չունեն, և ջրի ծախսը չի հաշվառվում, հաշվառվում է միայն պոմպերի շահագործաման համար օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսը:

Տարոնիկի հողերը 5-րդ կատեգորիայի հողեր են, ըստ բնակիչների, հողերի բերրիությունը, տարեց տարի ընկնում է: Գյուղը, որը հայտնի էր ծիծակի արտադրությամբ, ըստ բնակիչների, էլ քիչ է աճեցնում ծիծակ, բույսը չի աճում: Տարոնիկում հողերը ենթարկվում են աղակալման, ինչպես նաև ջրերի հորիզոնների իջեցմամամբ պայմանավորված, հողը չորանում է, ընթանում են անապատացման գործընթացներ:

Հող չմշակելու մեկ այլ խնդիրն էլ ֆինանսների սղությունն է: «Բնակիչները վարկերի տակ են: Փող չկա վարելու, սերմացու գնելու համար: Եկամուտը պակասել է: Իսկ մեր հողերը 5-րդ կարգի հողեր են: 10-12 բանվոր է պետք մի հա հողը մշակելու համար, որովհետև գյուղացու ֆիզիկական ուժը չի բավականացնում: Հողատերն օրական 5000 դրամ պետք է վճարի բանվորին: Աշնանն էլ գումար չունի, որ վճարի բանվորին»,- ասաց Տարոնիկ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մխիթար Ավագյանը:

Ըստ Տարոնիկի համայնքապետարանի աշխատակիցների՝ Տարոնիկում 300 հա մշակովի հողատարածքից 55 հա-ը չի մշակվում, մինչդեռ Տարոնիկ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի համաձայն՝ համայնքի գյուղատնտեսության նշանակության հողերը կազմում են 813 հա:

Բացի ոռոգման հետ կապված գյուղատնտեսական խնդիրները, Տարոնիկն ունի նաև խմելու ջրի խնդիր: Այն առկա է 2005թ-ից՝ պայմանավորված ինքնաշատրվանող հորերի ցամաքմամբ: 10 տարուց ավելի մարդիկ խմելու ջուր բերել են Արշալույսից կամ Երևանից: Բնակիչներն իրենց բակերում ժամանակին հորատել են 5-20 մ խորությամբ հորեր, որոնցից շատերը ցամաքել են, իսկ որոնք դեռևս գործում են, որակյալ ջուր չեն ապահովում:

Տարոնիկի համայնքապետարանը «Վերջին օրերի սրբերի կազմակերպության» աջակցությամբ Տարոնիկում իրականացրել է 6 կմ երկարությամբ խմելու ջրի խողովակաշարի կառուցում: Ըստ համայնքապետարանի աշխատակիցների՝ 85 մ խորությամբ հոր են հորատել, որից ջուրը խողովակներով հոսում է և ջրով ապահովում համայնքի մինչև 20-30%-ին:



«Գյուղն ամբողջովին խմելու ջրով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 6 կմ խողովակի կառուցում»,- ասաց Տարոնիկ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մխիթար Ավագյանը:


Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:35 Հունիս 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news