«Վեոլիա Ջուր»-ը խախտեց ջրամատակարարման կանոնները և տուգանվեց

«Վեոլիա Ջուր»-ը խախտեց ջրամատակարարման կանոնները և տուգանվեց

ԷկոԼուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվեց 5 միլիոն դրամի չափով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար: «Վիոլիա ջուր» ընկերության դեմ բողոքել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Նիկոլայ Հարությունյանը և Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Արզուման Հարությունյանը:

Նիկոլայ Հարությունյանը նշել է, որ երեք տարի է չի կարողանում ջուր ստանալ, քանի որ «Վեոլիա ջուր»-ը իր դիմումը չի ընդունել, իր հետ պայմանագիր չի կնքել, այլ տուգանել է տվյալ տարածքում եղած ապօրինի ջրագծի համար, որն անցկացվել է մինչև Նիկոլայ Հարությունյանի կողմից տարածքի ձեռքբերումը: Քանի որ այս գործով դատավարություն է ընթանում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում չի կայացրել:

Հանձնաժողովի որոշումը եղել է Այգեկ գյուղի բնակիչ Արզուման Հարությունյանի բողոքի հիման վրա: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալուհամար Արզուման Հարությունյանից 14 փաստաթուղթ են պահանջել, հետո մոռացել վերջինիս դիմումի մասին: Հենց այս դեպքի համար էլ նշանակվել է տուգանքը:

«Վեոլիա ջուր»-ը նման քաղաքականություն հաճախորդների նկատմամբ վարում է նաև ՀՀ Լոռու մարզի Սարչապետ գյուղում:

2013-2014թթ-ին Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով Սարչապետի ոչ բոլոր փողոցներում քաշվեց ջրամատակարարման ցանց, և գյուղ մղվեց խմելու ջրի պահանջներին համապատասխան քլորացված ջուր: Մի քանի փողոցի բնակիչներ, որտեղ ցանց չէր անցկացվել, իրենց ուժերով կազմակերպեցին ջրագծերի անցկացումը և դիմեցին «Վեոլիա ջուր» ընկերությանը` բաժանորդ դառնալու համար: Ընկերությունը նրանց բաժանորդ դարձնելու փոխարեն տուգանքի մասին ծանուցումներ ուղարկեց ` ապօրինի ջրօգտագործման համար: Մինչև օրս խնդիրը չի լուծվել: ԷկոԼուրի հետ զրույցում Սարչապետի համայնքապետ Բորիս Բարոյանը հայտնեց, որ խոստացել են խնդիրը շուտով կարգավորել: Նա նշեց, որ ոչ մեկ տուգանք չի վճարել և օգտվում են ջրագծերի ջրից: Նշենք, որ մինչ ջրագծերի անցկացումը Սարչապետը օգտագործում էր հորատանցքերից դուրս եկող չքլորացված ջուրը խմելու և կենցաղային կարիքների համար: Ջրագծի անցկացումից հետո գյուղի մի մասը, որտեղ ջրագիծ չի անցկացվել, շարունակում է օգտվել հորատանցքերի ջրից:

 

18:10 Ապրիլ 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news