Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների գերշահագործման խնդիրը մնում է չլուծված

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների գերշահագործման խնդիրը մնում է չլուծված

ԷկոԼուր

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների գերշահագործման խնդիրը մնում է չլուծված: Ստորերկրյա ջրառը գերազանցում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծավալը` 1.1 միլիարդ խմ/տարեկան, և կազմում է 1.5 միլիարդ խմ/տարեկան: Այս թիվը հրապարակեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2017 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արարատյան դաշտում ջրառի առյուծի բաժինը ձկնաբուծությանն է: Հենց այս ոլորտը ռազմավարական ջրային ավազանը կանգնեցրեց աղետի առջև: Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումները` խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և փականային ռեժիմի բերման, գրանցեցին որոշակի դրական արդյունք, սակայն խնդիրը չլուծեցին: 2016 թ-ի համեմատ ձկնաբուծության կողմից օգտագործվող ջրաքանակը պակասել է 149 միլիոն խմ-ով` 809.0 միլիոն խմ-ից իջել է մինչև 660 միլիոն խմ: «Սա դեռ քիչ է, մենք այստեղ իսկապես ունենք գերշահագործում», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարարը հայտնեց, որ 2017 թ-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հաշվառվել է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնք օգտագործում են 584 խորքային հոր: Այդ տնտեսություններից գործում է 124-ը, 115-ը չի գործում: Այդ չգործող տնտեսություններում առկա է 250 խորքային հոր, որոնցից 86-ում ազատ, աննպատակ ջրաելքը կազմում է 152 լ/վ: 160 տնտեսություն ունի գործող ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ), 124 գործող տնտեսություններից 89-ը օգտագործում է ՋԹ-ն իր ծավալին համապատասխան, 28 ձկնաբուծական տնտեսություն օգտագործում է տրված ՋԹ-ից ավելի ջուր, իսկ 7 տնտեսություն ջրառն իրականացնում է առանց ՋԹ: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ 2018 թ-ի հունվարի 1-ից գործողության մեջ մտնող Հարկային օրենսգրքով խստացվելու են պատժամիջոցներն առանց ՋԹ, ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար` ջրօգտագործողից գանձելով տասնապատիկ ավելի գումար ջրի դիմաց:

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ ջրաչափական սարքեր տեղադրելու, վերահսկողություն և տվյալների թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա տեսնելու, թե որ ձկնաբուծարանն ինչքան ջուր օգտագործեց:

Նաև մտադրություն կա ձկնաբուծական ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու: Նախարարի խոսքով` 2016 և 2017 թթ-ին իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնց արդյունքները ցույց են տվել, որ նմանատիպ ոռոգումն անվտանգ է: «Մենք այստեղ ունենք հսկայական պոտենցիալ` ձկնաբուծական ջրերը վերածել ոռոգման ջրերի, իսկ այն խորքային հորերը, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակով, փակել: Արդյունքում մենք պետք է հասցնենք Արարատյան դաշտում արդյունահանվող ջրերի ծավալը 1.1 միլիարդ խմ», - ասաց Արծվիկ Մինասյանը:

15:49 Դեկտեմբեր 26, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news