Սոցիալական ծանր վիճակ Աստղաձորում. ջրի պոմպը ոռոգման սեզոնին չի աշխատում, մշակաբույսերը վառվել են

Սոցիալական ծանր վիճակ Աստղաձորում. ջրի պոմպը ոռոգման սեզոնին չի աշխատում, մշակաբույսերը վառվել են

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում ոռոգման ջրի բացակայության պատճառով: Ւ նշան բողոքի հուլիսի 10-ին աստղաձորցիները փակեցին Երևան-Վարդենիս-Արցախ ռազմավարական ճանապարհը: Աստղաձորում ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ բնակիչները պատմեցին, որ խնդիրը նրանում է, որ պոմպակայանները, որոնցով պետք է Սևանա լճից ջուր մղեին գյուղացիների հողատարածքները, անսարքի վիճակում են: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներքո գործող «Մարտունի» ՋՕԸ-ն, որի սպասարկման տակ է գտնվում Աստղաձոր համայնքը, ժամանակին չի վերանորոգել պոմպերը և ոռոգման սեզոնին թողել է գյուղացիներին առանց ջուր:

«Ճանապարհը փակել ենք, կառավարությունից ի՞նչ են արել, ջուր չկա…մեր վարչապետն ասում է՝ ջուր տվեք, գյուղացուն օժանդակեք, գյուղացու կողքին կանգնեք, որ ջրեն, ո՞ւր է, ջուր չկա…Պոմպը նախապես չեն սարքում, եթե պոմպը նախապես սարքեն, պետք է գումար ծախսվի: Գումարը դնում են իրենց գրպանը, պոմպը մնում է քայքայված վիճակում…Եկավ, կարտոֆիլի սեզոնը կավարտվի, բայց ջուր չկա` ջրենք: Մեր ապրուստը կարտոֆիլն է, էդ չլինի, վարի ենք գնալու», - բողոքեցին բնակիչները:

Աստղաձորցիները զրկվում են իրենց շահույթից, որը, նրանց գնահատմամբ, կազմում է 500.000 դրամ 1000 քառ/մ հողատարածքից: Աստղաձոր համայնքում պոմպերով Սևանա լճի ջրի հաշվին պետք է ապահովվի մոտ 430 հեկտար տարածքի ոռոգում: Հուլիսի կեսերն է, իսկ բնակիչներն անգամ առաջին ջուրը չեն արել:

«Այսօրվա վիճակով դեռ առաջին ջուրը չեն տվել, արևի տակ այդ բույսերն ամբողջովին վառվել են: Նասոսները մինչև հիմա պատրաստ չեն, մեկ նասոս է ընդամենը, «նասոսչիկն» է կիսատ-պռատ հավաքել, մի 10-15 հողամասի մատակարարող ջուր է, դրանով խնդիր չի լուծվի… Ջրային տնտեսության ղեկավարներն էլ, մեր կառավարությունն էլ, բարձիթողի վիճակ է», - վրդովվում են տեղացիները:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադաձնալով աստղաձորցիների բողոքի ակցիային, ասել էր. «Կապնվել եմ Ջրպետկոմիտեի հետ, իրենք ասում են, որ հայտարարված 510 հեկտարից ընդամենը 80 հեկտարի պայմանագրեր ունեն, հետևաբար, 80 հեկտարի ջուրը տրամադրվել է: Եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարեն ջրի համար ու պայմանագիր կնքեն: Ջրպետկոմիտեի մեկնաբանությունն եմ ես փոխանցում, որ իրենք ասել են՝ եկեք պայմանագիր կնքեք, ջուրը ստացեք, գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքելուց»:
«Ասում են պայմանագիր…հիմա իմ հետ պայմանագիր կնքող մարդ չկա, որ կնքեմ, հող ոռոգեմ: Ինձ մեկը չի ասել՝ պայմանագիր պետք է կապես, որ ոռոգում տեղի ունենա», - ասաց բնակիչներից մեկը: Նրան ընդհատեց ՋՕԸ-ի աշխատակիցը՝ նշելով. «Քո գյուղը ո՞վ է սպասարկում, ես եմ սպասարկում, դու հող ես ցանել, ուրեմն պարտավոր ես ինձ դիմես, ասես՝ ես այսքան հողատարածք ունեմ, պայմանագիր կնքես իմ հետ»: Վրդովված բնակիչները հարցրեցին՝ իսկ ջուր կա՞: «Ջուր չկա, չի բավարարում», - պատասխանեց ՋՕԸ-ի աշխատակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 18, 2017 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր