Արձանագրված շոու, թե հանրային քննարկում

Արձանագրված շոու, թե հանրային քննարկում

ԷկոԼուր

Հասարակական կազմակերպությունները և Գառնի համայնքի բնակիչները Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հետ կապված բողոքի նամակ են ուղարկել Համաշխարհային բանկ՝ ընդդեմ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի գործողությունների:

Հասարակությունն իր զայրույթն է հայտնում, որ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ը կազմել է տվյալ ծրագրի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրություն, որը սկսվել էր հայտարարված ժամից ժամ ու կես շուտ և անցկացվել ծրագրի շահառուների նեղ շրջանակում: Միևնույն ժամանակ հիմնարկը չի արձանագրել մյուս քննարկումը, որը սկսվել է իրենց իսկ կողմից հայտարարված ժամին՝ հունվարի 22-ին, ժամը 11:00, և որին ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև մամուլը:

Դիմում-նամակի հեղինակը լրագրող Սառա Պետրոսյանն է, ով նաև Քաղցրաշենի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գառնի համայնքի բնակիչ է:

ԷկոԼուրի հետ զրույցում Սառա Պետրոսյանն ասաց. «ԾԻԳ-ի գրասենյակը ուղղակի շոու է սարքում՝ տարբեր ազդեցություններով, համայնքների ղեկավարների վրա ճնշումներ գործադրելով և արտաքինից ցույց տալով, որ ոչ մեկ առարկություն չունի, և դա ուղարկվում է Համաշխարհային բանկ որպես հաշվետվություն...:

Ջուրը պետք է վերցնեն ոռոգման սեզոնին, երբ առանց այդ էլ ջուր չկա: Ջրառատ տարի կարող է լինել 4-5 տարին մեկ: Եվ արդյոք իմաստ ունի վերցնել այս վարկն այն դեպքում, երբ երկրի արտաքին պարտքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը...Արդեն 2 տարի է՝ ծրագրի շուրջ ստեղծվել է կոնֆլիկտային, թեժ իրավիճակ...Չգիտես ինչի իրենք համառորեն հետ չեն կանգնում դրանից և չեն ուզում մասնագետների հետ զուտ մասնագիտական քննարկումներ տանել՝ հիմնավորելու, թե ինչքանով է արդարացված այդ վարկը վերցնելը: Իսկ ես անձամբ, որպես լրագրող, բազմիցս խոսել եմ հիդրոլոգ-պրոֆեսորների և այլ անձանց հետ: Մեր և մասնագետների կարծիքով սա սխալ հաշվարկված ծրագիր է: Վերջին տարիներին Ազատ գետի ջուրը բավական նվազել է, և, փաստորեն, իրենք չեն կարողանում Ազատի ջրամբարից ինքնահոս եղանակով ջուր վերցնել, բայց ջուրն այնքան է քչացել, որ խողովակներով ջուրը տեղափոխելու տարբերակն էլ արդարացված չէ, քանի որ գետը ցամաքելու է:

Եթե Ազատ գետում չկա ջուր, այս ծրագիրն անիմաստ է:

Ծրագրի ամբողջ  նպատակը հենց ամռան ամիսներին գյուղերը ոռոգման ջրով ապահովելն է: Չափումները ցույց տվեցին, որ իրենց սպասումները չեն կարող արդարացված լինել: Այն ջրաքանակը՝ 950 լիտր վայրկյանը, որ իրենք հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին պետք է վերցնեն, ոռոգման սեզոնին այնտեղ ընդամենը մնում է 350-400 լիտր վայրկյան ջուր, իսկ այդ ջրաքանակը բացարձակապես չի կարող խողովակի մի ծայրից մյուսը հասնել, էլ չեմ ասում գյուղերը ոռոգելու մասին:

Հանրային լսումներն ու դրան նախորդող օրերը անցնում են ճնշումներով: Քանի որ գետի չափումները ցանկալի արդյունք չտվեցին, իրենք եկան հանձնաժողով ձևավորելու և  վերջնական չափումներ անելու, գյուղի ամբողջ ոռոգման և խմելու ջուրը փակեցին և լցրին գետը: Արդյունքում ինչ-որ մի թիվ ստացան, չնայած էլի ոչ բավարար թիվ: Դրանից հետո փորձեցին մեկ ուրիշ ձևով ճնշել: Գառնիի  դպրոցների ուսուցիչներին բերել, լցրել էին դահլիճում այն դեպքում, երբ ժողովուրդը հրապարակում հավաքված իրենց էր սպասում: Կոտայքի մարզպետի հրահանգով դա արեցին, որովհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարն էին ներկայացել: Դա արեցին, որպեսզի նկարահանեն, այդ խաղաղ մթնոլորտում ինչ-որ եզրահանգման գան ու գնան: Դա  թույլ չտրվեց: Երրորդ հանրային լսումը պետք է տեղի ունենար Երևանում շահառու համայնքների ղեկավարների և գյուղացիների մեջ: Հանդիպումը նշանակված էր ժամը 11:00-ին, բայց տեղի ունեցավ 9:30...»:

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ծրագրի համար Համաշխարհային բանկը տրամադրում է 10 միլիոն դոլլար վարկ: Այն նախատեսված է  խողովակաշարի կառուցման համար, որով Ազատ գետի ջուրը պետք է տեղափոխվի Արարատի մարզի այն տարածքներ, որոնց մի մասը պատկանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Գառնի և մյուս ազդակիր համայնքերի բնակիչները բնապահպանական հանրության հետ միասին դեմ են այս ծրագրի իրագործմանը:

Փետրվար 09, 2016 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր