Կարբիի և Օհանավանի բնակիչները մտադիր չեն հանձնվել, միտքը մեկն է՝ ՓՀԷԿ չի կառուցվելու

Կարբիի և Օհանավանի բնակիչները մտադիր չեն հանձնվել, միտքը մեկն է՝ ՓՀԷԿ չի կառուցվելու

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքներում անհանգիստ իրավիճակ է: Գյուղացիները ոտքի են կանգնել փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը, ըստ բնակիչների, ոչնացնելու է իրենց եկամուտի միակ աղբյուրը` իրենց այգիները: Մարտի 1-ին Կարբիի համայնք էր այցելել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով փորձում էր բնակիչներին համոզել, որ ՓՀԷԿ-ն իրենց ոչ մի վնաս չի տալու: Սակայն երբ բնակիչները և Համահայկական բնապահպանական ճակատը պահանջեցին ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված փաստաթղթերը, մարզպետն ասաց. «ՀԷԿ չի կառուցվում»: Մեկ րոպե անց էլ նշեց. «Կառուցվում է»: 

Կարբիի և Օհանավանի բնակիչների զայրույթն արթնացրել է նաև այն հանգամանքը, որ իրենց հստակ չեն ասում` ի՞նչ է կառուցվում: «Մեկ ասում են` ջրագիծն են նորոգում, մեկ էլ ասում՝ ՀԷԿ են կառուցում...հիմա հարց կա, ի՞նչ են կառուցում...էս հսկայական խողովակներից՝ դրված 4-5 մետր խորության վրա, էլ ի՞նչ պիտի կառուցեն»,- բողոքում էին բնակիչները: 

Մարզպետ Սահակյանը «խորհրդավոր» կառույցի վերաբերյալ տվեց հետևյալ բացատրությունը. «ՀԷԿ-ը ծրագրվում է կառուցել հաջորդ տարի, իրենք այն աշխատանքներն են տանում, որը Արմավիր ջուր գնացող դոտացիան է, որը մենք տալիս ենք, քայքայված, մաշված է, իրենք պետք է վերանորոգեն»:

«ԳԱՀԱ Էներջի» ընկերության տնօրենը, որը պատրաստվում է շահագործել ՓՀԷԿ-ը, ասաց հետևյալը. «Այս փուլում ընդհանրապես ՀԷԿ-ի կառուցման հետ կապված ոչ մի աշխատանքներ չեն սկսվել, սկսվել է խողովակաշարի տեղադրում արագահոսի կողքով:  Արզնի-Շամիրամ ջրանցքի դոտացիոն հատվածը գտնվում է 90 տոկոս վթարային վիճակում: Հիմա ջրային պետական կոմիտեի հետ համատեղ ծրագիր ենք մշակել, որպեսզի մեր ընկերությունը իր ուժերով խողովակաշար կառուցի համապատասխան տարողությամբ, որից հետո կքննարկվի տվյալ ընկերությանը ջրօգտագործման թույլտվության հարցը»: Հարցին` իսկ ունե՞ն արդյոք համապատասխան փաստաթղթերը, նշեց. «Մենք իրավունք ունենք շինարարական աշխատանքներ կատարել, ունենք համայնքապետի, ավագանու որոշում, ջրօգտագործման թույլտվություն, մեր գրասենյակում են»: Նշենք, որ մեկ րոպե առաջ ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն դեռ չուներ:

Իսկ մարզպետը պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ ասաց. «Ընթացքում կլինեն»: Իսկ հարցին` վստահ է նա արդյոք, որ բնակչությանը վնաս չի լինելու, մարզպետը ասաց. «Եթե ես վստահ չլինեմ, բա ո՞վ պետք է վստահ լինի...երկրի նախագահը կբռնի` բոլորի վզերը կկտրի, եթե մի գյուղացու հաշվին մի լիտր ջուր օգտագործվի»: 

«Վնասն արդեն կա,  արդեն ծառերը տվել են հողի տակ, առանց ոչ մեկի կամքը հարցնելու,- ասում էին վրդովված բնակիչները,- մի 3-4 հոգի իրենց գրպանների համար կառուցում են, իրենց պետք է, որ 3000 տնտեսություն վարի է գնալու: Բերել, ՀԷԿ են կառուցում` մեր այգիները չորացնեն, բնությունը վերացնեն: Մենք ստեղծում ենք բնություն, իսկ սրանք ավիրում ու քանդում են»: 

Բնակիչների խոսքերով` այդ մեկ ՓՀԷԿ-ը վտանգի տակ է դնելու միանգամից 7 համայնքների ոռոգման համակարգը, ինչի հետ համաձայն չեն ընկերության տնօրենը և հատկապես Արագածոտնի մարզպետը. «Չի կարող նման բան լինել, անհնարա»,- պնդեց մարզպետը: Բնակիչները հետևյալ կերպ մեկնաբանեցին. «Մեր մարզպետն էլ իրանց ընկերնա»: 

ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ այլ մոտեցում ուներ Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը. «Պետության տեսանկյունից եմ նայում, պետական շահը ավելի գեր շահ է»: 

Բնակիչների պնդմամբ, համայնքապետը և ավագանին որոշումը կայացրել են իրենցից գաղտնի: Իրենք տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ արդեն սկսվել է շինարարությունը: Այժմ Կարբիի և Օհանավանի բնակիչները մտադիր չեն հանձնվել, միտքը մեկն է՝ ՓՀԷԿ չի կառուցվելու:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի
ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ
նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են
չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։



15:31 Մարտ 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news