Անտեղյակ համայնքներ, անտեսված բնակիչներ. հերթական փոքր ՀԷԿ-ը

Անտեղյակ  համայնքներ, անտեսված բնակիչներ. հերթական փոքր ՀԷԿ-ը

ԷկոԼուր

«-Ինչո՞ւ բնակիչները տեղյակ չեն հասարակական լսումների մասին:

-Իսկ ինչո՞ւ ամբողջ ազգը տեղյակ չէր Ռուսաստանին 300 միլիոն գազի պարտքի մասին». մեջբերում  «Կոշ» փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումներից:

ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում դեկտեմբերի 6-ին անցկացվեցին «Կոշ» ՓՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արզնի-Շամիրամ ջրանցքի Կոշ ճյուղի արագահոսի վրա: Նախագիծը ներկայացված է «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊ ընկերության կողմից:

Ջրանցքից ոռոգման ջուր են ստանում երեք համայնք՝ Կոշը, Արագածոտնը եւ Նոր Եդեսիան: Սակայն «Կոշ» ՓՀԷԿ-ի հասարակական լսումներին մասնակցում էր միայն մեկ համայնք՝ Կոշը, ավելին՝ Արագածոտն և Նոր Եդեսիա համայնքները ընդգրկված չեն նախագծում՝ որպես ազդակիր համայնքներ: Անտեսված համայնքների ղեկավարները խնդրին արձագանքեցին այսպես.

Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյան.

-Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել: Եթե տեղյակ լինեի, հաճույքով  կմասնակցեի: Իմ համայնքի բնակիչների համար կարևոր է, որպեսզի մենք չունենանք ջրի տատանումներ…:  

Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյան. 

-Ո՞վ ասաց մեզ՝ մենք էլ չեկանք (հասարակական լսումներին) … Այս  տարի մեզ ջուր են տվել ապրիլի վերջին, իսկ հոկտեմբերի 28-ին արդեն կտրել են: Մարդիկ աշնանացան էին արել, բայց այդպես էլ մնաց առանց ջրի: Հուսանք, որ այդ մարդկանց ազդեցությամբ, նախագծից հետո, գոնե մի ամիս ավել ջուր կստանանք:

Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանի խոսքով՝  ՓՀԷԿ-ը կից համայնքներին չի խանգարելու: «Չգիտեմ նրանք ինչքանով են շահագրգիռ, իրավասու: Ես իմ տարածքի համար եմ պատասխանատու»,-ասաց նա: ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Հերքինազ Մկրտչյանն էլ նշեց, որ տեղյակ չի եղել, որ, բացի Կոշից, եւս երկու համայնք  օգտվում է այդ ջրատարից, քանի որ այդ մասին նախագծում նշված չի եղել:

«Էյ Քեյ Էյ Ջի» ընկերության կողմից կազմակերպված հասարակական լսումները եղել են թերի: Նախագծի հետ ծանոթանալ հնարավոր չէր, քանի որ այն տեղադրված չէր բնապահպանության նախարարության կայքում, նախագծին ծանոթ չէին համայնքում, տեղյակ չէին անգամ գյուղապետարանի աշխատակիցները: Ինչպես տեղում ԷկոԼուրը պարզեց, գյուղացիների մեծ մասը չգիտեր նաեւ լսումների մասին: Իսկ տեղյակ որոշ գյուղացիներ նշեցին. «Եթե մեր ջուրը չի պակասելու, մենք դեմ չենք... էդ ջրանցքի ամբողջ աղբն էլ շահագործման ընթացքում կմաքրվի, կպրծնենեք խցանումներից...մեզ համար կարևորը մեր ջուրը չկտրեն...»:

Նշենք, որ կառուցապատող «Էյ Քեյ Էյ Ջի»  ընկերության ներկայացուցիչներից  ներկա էր միայն տեխնիկական խորհրդատուն՝ Սպարտակ Գալստյանը, ով որոշ հարցերի դժվարացավ պատասխանել. «Ես պատասխանատու եմ միայն տեխնիկական մասով և ուրիշ  ոչինչ չգիտեմ»,- ասաց նա:

ԷկոԼուրի աշխատանքային խումբը կարծում է, որ ՓՀԷԿ-ի նախագիծը պետք է փոփոխվի և լրացվի հետևյալ կետերով. 

1.  Արագածոտն և Նոր Եդեսիա համայնքները պետք է ճանաչվեն «Կոշ» ՓՀԷԿ-ի նախագծի ազդակիր համայնքներ,

2. Երեք համայնքների մասնկացությամբ պետք է կազմակերպվեն «Կոշ» ՓՀԷԿ-ի նոր հասարական լսումներ,

3. «Կոշ» ՓՀԷԿ-ի  նախագծում պետք է նշված լինի, թե ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում երեք համայնքների ոռոգման համար ջրատարից ինչ ծավալով ջուր է նախատեսված

3. Նախագիծը պետք է տեղադրվի ՀՀ բնապահպանության նախարարության կայքում ոչ ուշ քան  լսումներից մեկ շաբաթ առաջ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։  

14:53 Դեկտեմբեր 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news