Պահանջում ենք փոխհատուցել ՓՀԷԿ-ի շինարարության վնասը` բնապահպանության նախարարի և «Մեգաէներջի» ընկերության միջոցների հաշվին

Պահանջում ենք փոխհատուցել ՓՀԷԿ-ի շինարարության վնասը` բնապահպանության նախարարի և «Մեգաէներջի» ընկերության միջոցների հաշվին

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար`Արամ Հարությունյանը, խոստացել է բողոքի ակցիայի մասնակիցներին կանգնեցնել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը, ճանաչել Գետահովիտ համայնքը որպես ազդեցիկ համայնք և բռնագանձել հասցված վնասը, եթե այն գոյություն ունի:

Խոստումները հնչեցին բողոքի ակցիայի մասնակիցների հետ ընդդեմ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության, հոկտեմբերի 11-ին հանդիպման ժամանակ:

Ակցիայի կազմակերպիչների կողմից պատրաստած մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ներկայումս Հայաստանում լայն թափով կառուցվում են այսպես կոչված փոքր ՀԷԿ-եր, որոնք հսկայածավալ եկամուտներ են ապահովում դրանց սեփականատերերին` բազմազան բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, ինչն իր հերթին պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր: Չնայած այս «բիզնեսի» հետեւանքով շրջակա միջավայրին պատճառվող անհամաչափ վնասներին եւ բնության ոչնչացման ակներեւ փաստերին` փոքր ՀԷԿ-երի կառուցման սույն ծրագիրն այսօր ներկայացվում է որպես մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ գործունեության տեսակ: Հայաստանում նախատեսվում է կառուցել շուրջ 300 այսօրինակ ՀԷԿ-եր, ինչի հետեւանքով մեր բնության ձկնային պաշարներն ուղղակի կվերանան:

Հարկ է նշել, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման համար Հայաստանում չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդաբանություն: Չկան ջրի էկոլոգիական թողքի գնահատման ողջամիտ չափանիշներ, գյուղատնետեսությանը պատճառվող տնտեսական վնասի գնահատման ընթացակարգեր: Թույլտվություն տրամադրելու համար բացակայում են սեյսմիկ անվտանգության, սողանքների դեմ միջոցառումներ իրականացնելուն պարտավորեցնող պահանջներ:

Այսպիսի պայմաններում ներկայումս Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գործում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ժառանգության խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը: Նույն` Պաղջուր գետի վրա նախատեսվում է կառուցել եւս մեկ` «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը, որն ըստ երեւույթի եւս պատկանում է նույն սուբյեկտին: Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի, ինչի հետեւանքով Պաղջուր գետից ուղղակիորեն վերացել է գրեթե ամբողջ էնդեմիկ համակարգը` ձկնատեսակներ, կրիաներ, այլ կենդանիներ: Ջրի պակասի եւ վատ որակի հետեւանքով ընկել է գյուղատնտեսական արտադրանքի բերքատվությունը:

Նոր կառուցվող ՀԷԿ-ն էլ ավելի աղետալի հետեւանքներ է ունեցել համայնքի համար. շինարարական աշխատանքների հետեւանքով ցամաքել են գյուղի խմելու ջրի կեսն ապահովող ջրային պաշաարները: Համայնքին պատճառվել է մեծ ծավալի տնտեսական վնաս: Ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ` այդ թվում «արջատխլենի» ծառատեսակը: «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը գտնվում է «Արջատխլենու» արգելավայրի տարածքում եւ նրա բուֆերային գոտում, ՀԷԿ-ի շինարարությունն անմիջականորեն ազդում է արգելավայրի էկոհամակարգի վրա, ինչը հաշվի չի առնվել բնապահպանության նախարարության փորձագետների կողմից ՀԷԿ-ի ՇՄԱԳ-ը հաստատելիս: Նշենք նաեւ, որ վերոհիշատակյալ ՀԷԿ-ի կառուցմումն իրականացվում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից, թեեւ Գետահովիտ համայնքի կողմից չի տրվել շինարարության թույլտվություն, համայնքում չեն իրականացվել հասարակական լսումներ: Իրականացված աշխատանքներն ամբողջությամբ անօրինական են, իսկ պատճառված տնտեսական եւ էկոլոգիական վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով:

Փոքր ՀԷԿ-երի գործունեությունը բացի մի խումբ պաշտոնյաների գրպանները լցնելուց առաջացնում է հսկայածավալ բացասական ներգործություն: Մասնավորապես, տուժում է գյուղատնտեսությունն ու առհասարակ երկրի տնտեսությունը, համայնքի վրա թողնում է բացասական սոցիալական ազդեցություն, առաջացնում է սողանքներ եւ այլ արտակարգ իրավիճակներ: Հաշվի առնելով նշվածը` մենք գտնում ենք, որ ՀԷԿ-ի կառուցման համար թույլտվություն կարող է տրվել միայն այն բանից հետո, երբ կմշակվի ՀԷԿ-ի գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանություն, ինչն այսօր բացակայում է: ՀԷԿ-ի ազդեցության գնահատումը գտնվում ոչ միայն բնապահպանության, այլեւ ռնվազն գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների տիրույթում, եւ վերջիններս լիարժեք կերպով կրում են ՀԷԿ-երի բացասական ազդեցության պատասխանատվությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում ենք.

1. միջոցներ ձեռնարկել, որպեսզի անմիջապես դադարեցվեն «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները եւ երեք օրվա ընթացքում տեխնիկան հանվի տարածքից, 2. բնապահպանության նախարարի եւ նույն նախարարության փորձագետների, ինչպես նաեւ «Մեգաէներջի» ՍՊ ընկերության միջոցներով ամբողջ ծավալով փոխհատուցել «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի գործունեության եւ «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության հետեւանքով Գետահովիտ համայնքին պատճառված տնտեսական եւ էկոլոգիական վնասը, այդ թվում` ա/ ուսումնասիրել եւ հաշվարկել ջրային աղբյուրները ցամաքելու հետեւանքով պատճառված տնտեսական վնասը, բ/ գյուղատնտեսությանը պատճառված վնասները,գ/ բնությանը պատճառված վնասները (ծառահատումներ, հողաշերտի վնասում եւ այլն),3. պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարարության այն փորձագետներին, ովքեր տվել են «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունը,4. անհապաղ եւ անվերապահորեն կասեցնել կոռուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվեւթյունները, մինչեւ դրանց` շրջակա միջավայրի վրա ազդեցության համալիր եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն մշակելը:

Եռօրյա ժամկետում «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության դադարեցմանն առնչվող պահանջն ամբողջ ծավալով չիրականացնելու դեպքում, մենք ինքներս` անմիջական ժողովրդավարության, սահմանադականության եւ իրավունքի գերակայության եւ իրավունքների ինքնապաշտպանության սկզբունքների շրջանակներում ապահովելու ենք նշաված պահանջի լիարժեք իրականացումը:Մյուս պահանջներն իրականացնելու համար մենք ձեզ տալիս ենք ողջամիտ` մեկամսյա ժամկետ:

«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն,

Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնություն»:

Հոկտեմբեր 11, 2012 at 18:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր