«Ջուրը բոլորինն է հավասար». իրազեկվածության բարձրացում դպրոցականների շրջանում

«Ջուրը բոլորինն է հավասար». իրազեկվածության բարձրացում դպրոցականների շրջանում

ԷկոԼուր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ պատրաստում է մանրապատումների շարք՝ կոռուպցիայի երևույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:

Շարքի առաջին տեսանյութը կոչվում է «Ջուրը բոլորինն է հավասար»: Տեսանյութն այն մասին է, թե ինչպես են պատանիներն օգնում իրավապահներին բացահայտել կաշառքի և հովանավորչության դեպք ջրային ոլորտում: 

«Տեսանյութերը միտված են դպրոցականների շրջանում իրազեկվածության բարձրացմանը։ Դրանք հատկապես օգտակար կարող են լինել հասարակագիտության ուսուցիչների և ընդհանրապես կորոնավիրուսի պատճառով համատարած ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն արդյունավետ օգտագործելու և սովորելու համար, թե ինչ է կոռուպցիան և ինչպես վարվել կոռուպցիոն երևույթի հանդիպելիս», - ասված է ԹԻՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2019 թ-ին էլ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց հանրային դատավարություն մասնավորապես Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ: Բնապահպանական հանրային դատարանը վճռեց Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն, իսկ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք հանգեցրել են բնապահպանական աղետի: 

Վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ բարձրացված հարցերի առնչությամբ դեռևս 2013 թ-ին հարուցվել է քրեական գործ, որի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

ԷկոԼուրը նաև ջրի իրավունքի խախտման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել Արարատի մարզի Սայաթ Նովա, Հայանիստ, Արմավիրի մարզի Արտաշար և Տարոնիկ համայնքներում: Համայնքների բնակիչների հետ համատեղ պատրաստված ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում-պահանջագիր ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ԷկոԼուրին տրամադրել էր շահագրգիռ մարմինների դիրքորոշումները:



17:32 Մարտ 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news