Ջրի խնդիրը հողագործներին կրկին բերել էր Հանրապետության հրապարակ

Ջրի խնդիրը հողագործներին կրկին բերել էր Հանրապետության հրապարակ

ԷկոԼուր

Ջրի խնդիրը հողագործներին կրկին բերել էր Հանրապետության հրապարակ: ՀՀ կառավարության շենքի առաջ սեպտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները բողոքեցին՝ պահանջելով լուծել համայնքում առկա ոռոգման ջրի խնդիրը: Գետաշենցիների ներկայացմամբ, «Արմավիր» ՋՕԸ-ն վերջին մեկ ամսվա ընթացքում ոռոգման ջրամատակարարումն իրականացրել է ընդհատումներով` ընդհուպ մինչև ամբողջությամբ դադարեցնելով այն: Գյուղացիները վնաս են կրել, քանի որ չեն կարողացել իրենց հողամասերը ժամանակին ոռոգել:

«Մոտավորապես 20 հա տարածք արդեն ավելի քան 20 օր է` ջուր չունի: Մթերող գործարանի հետ 300 միլիոն դրամի պայմանագիր ենք կնքել: 58 միլիոն դրամի կանխավճար ունենք, ընդամենը 16 միլիոն դրամի ենք կարողացել հանձնել: Դդումի 50 տոկոսն է փչացել, լոլիկի՝ 30 տոկոսը: Իմ ֆերմերային տնտեսությունում 70 ընտանիք է աշխատում, նրանք` բոլորը, տուժել են: Պահանջում ենք կառավարությունից աջակցել, հանձնաժողով կազմել՝ վնասի չափը ճշտելու համար: Մեր հաշվարկներով մոտ 30 միլիոն դրամ է», - լրագրողներին պատմել է Գետաշենում ֆերմերային տնտեսություն ունեցող Սամվել Մուրադյանը: Նրա խոսքով, ջրի մեծ մասն ուղղվում է գյուղի մոտակայքում գտնվող ՀԷԿ-ին, այնուհետև լցվում է Արաքս:

Բողոքի առնչությամբ «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը հայտնել է. «Տեխնիկապես հնարավոր չէ ապահովել, որպեսզի բարձր մակարդակում բոլոր փականներին ջուր տրվի: Այդ պատճառով մենք աշխատում ենք եռօրյա կամ հնգօրյա համակարգով: Ամբողջ տասնօրյակի պլանավորած ջուրը վերցնում ենք 3 կամ 5 օրում, որպեսզի ջրատարը բարձր լինի ու ջրամատակարարումը կարողանանք կատարել: Սամվել Մուրադյանի հարցի հետ կապված տարեսկզբին գնացել ենք իր մոտ: Նա ասել է, որ իր հողերի վերջում խնդիր կա: Տեղամասի պետն ասել է, որ նրա ջուրը գտնվում է ծայրամասում՝ 1,5 կմ հեռավորության վրա: Հողային առվով այնտեղ ջուր հասցնելը շատ դժվար է: Բայց ամբողջ տարի ուրիշ տարբերակներով ջուր ապահովել ենք: Պարոն Մուրադյանը նախորդ տարի դիմել էր «Արմավիր» ՋՕԸ-ին: Գրավոր պատասխանել էինք, որ այդ հատվածի հողերը ռիսկային են, այդտեղ բանջարաբոստանային մշակաբույսեր ցանկալի չէ մշակել, այլ՝ բազմամյա: Օրինակ՝ ծառ, որովհետև ծառի ջրի պահանջարկն ավելի քիչ է, քան լոլիկինը: Նախորդ տարի այդ հատվածը չի մշակել: Այս տարվա սկզբին մեր ենթատեղամասի պետը կրկին ասել է նրան, որ այդ հատվածը շատ դժվար է ջուր հասցնելը: Նա ասել է` ես կցանեմ, իմ հորը կխփեմ: Իր գրպանից, իր միջոցներով հոր է խփել: Պլանավորել է, որ օգոստոսից իր հորը կաշխատեցնի, կջրի, ոչ մի վնաս չի կրի: Բայց չգիտեմ ինչի, չի ստացվել այդ հորը»: 

Էջմիածին համայնքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյան էլ բողոքել է. «Ապօրինի կերպով ջրատարները կտրել են, ջուր չեն տալիս…Ամբողջ առվույտս վերածվել է անապատի: Եկել տրակտորներով հող են լցրել ջրատարներ, որ ես ջուր չունենամ, ջուրն էլ իմ հողի գլխով գնում է: «Էջմիածնի» ՋՕԸ-ն ամեն ձև փորձեց մեզ ջրով ապահովել, իրենք վերևից  ճնշեցին: Թող«Արմավիր» ՋՕԸ-ն պարզաբանի, թե ինչու չեն պատասխանում իմ դիմումներին, ինչո՞ւ են ջրամատակարարումն անջատել»:

Իր հերթին Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, մոտենալով հավաքվածներին, ասել է, որ վերջինները պարտք ունենալու պարագայում ջրի պահանջ են ներկայացնում: «Սեպտեմբերի 16-ին բանավոր հայտ են տվել այն դեպքում, որ մինչ սեպտեմբերի 15-ը պարտավոր էին բոլոր վճարումները կատարել: Այդ օրվա դրությամբ դուք պարտք եք ունեցել, չեք վճարել»,-ասել է Ջրային կոմիտեի փոխնախագահը:

Այս բողոքի կապակցությամբ ԷկոԼուրին ջրային կոմիտեից գրավոր հայտնեցին. «Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության դիմաց ոռոգման ջրի խնդրով բողոքի ակցիայի մասնակիցների և մասնավորապես, Էջմիածին համայնքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի կողմից հնչեցված մեղադրանքների առնչությամբ հայտնում ենք․ Ռաֆայել Մխիթարյանը «Էջմիածին» ՋՕԸ ամենախոշոր տնտեսվարողներից է, որն ունի 40 հա հողատարածք, առվույտ է մշակում, ՋՕԸ հետ 40 հեկտարի ոռոգման պայմանագիր ունի և մոտ 12մլն դրամից ավելի պարտք՝ 2017-2018թթ. համար։ Ջրբաշխի մատյանում առկա են համապատասխան գրառումներն ու ջրօգտագործողի ստորագրությունը։ ՋՕԸ-ն դատարան է դիմել՝ պարտքի գանձման պահանջով, քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում ժամանակացույց է սահմանվել, որպեսզի այս տարվա ընթացքում հին պարտքից առնվազն 2 մլն դրամի վճարում կատարվի՝ ընթացիկ տարվա վճարներին զուգահեռ, սակայն 500 հազ․ դրամ վճարելուց հետո քաղաքացին այլ վճարումներ չի կատարել։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարվա ընթացքում տնտեսվարողն արդեն իսկ օգտագործել է 315 828խ/մ ոռոգման ջուր, որի վճարը կազմում է մոտ 3․5 մլն դրամ և այն նույնպես վճարված չէ․ջրբաշխի մատյանում ոռոգման փաստը գրանցված է, քաղաքացին ստորագրել է ստացած ջրի դիմաց։ Յուրաքանչյուր ջրօգտագործող պետք է ունենա պայմանագիր, պետք է հստակ հաշվառվի տնտեսություններին բաշխվող ջուրը, և քաղաքացին անպայման պետք է ստորագրությամբ վավերացնի ստացած ջրի քանակի փաստը և ժամանակին վճարի օգտագործած ջրի դիմաց»։  

18:13 Սեպտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news