ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը մարտի 21-ի նիստին հավանություն տվեց ՓՀԷԿ-երի համար արգելված գոտիները սահմանող` «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նախագծով սահմանված են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:
Առաջարկվում է մերժել նոր կառուցվող փոքր ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների հայտերը, եթե՝
1) փոքր ՀԷԿ-երի կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝
ա. որոնցում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է.
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:
2) փոքր ՀԷԿ-երի կառուցումն իրականացվում է՝
ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,
բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,
գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,
դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,
ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
զ. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ ՀՀ անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:
Ըստ նախագծի՝ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:
Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին: Եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով:
Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակած այս նախագիծը 2018 թ-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Սակայն նախագծի երկրորդ ընթերցումը տեղի չի ունեցել քվորում չլինելու պատճառով: Կառավարության հավանությունից հետո նախագիծը կրկին ներկայացվելու է Ազգային ժողով:
Մարտ 26, 2019 at 17:34