ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ բնակավայրի բնակիչները 42 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով դադարեցնել «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի շահագործումը: Նամակի կրկնօրինակը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:
Նամակում նշված է.
«Դարանակ գյուղը վերաբնակեցվել է 1988-1989 թթ-ին՝ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների կողմից: Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնաբուծությունն ու այգեգործությունն է:
Դարանակի ոռոգման և խմելու ջրի միակ աղբյուրը ձորակից հոսող գետն է, որը թափվում է Սևանա լիճ: 2015 թ-ին ապօրինաբար կառուցվեց «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը: Այն շահագործվելուց հետո փակվեց մոտավորապես 6 կմ երկարություն ունեցող գետի հունը` խախտելով բնապահպանական բոլոր անհրաժեշտ չափորոշիչները: Վերացան համայնքի ոռոգման, խմելու ջրի բոլոր աղբյուրները: Համայնքը բնակիչների սեփական ուժերով գոյատևել է 30 տարի` չստանալով որևէ աջակցություն պետության կողմից: Այսօր Դարանակ գյուղը կանգնած է ոչնչացման եզրին: Խնդրում ենք դադարեցնել ՀԷԿ-ի շահագործումը, որ կործանարար է և նպաստում է գյուղի համատարած դատարկմանը»:
Դարանակի բնակչուհի Գյուլնազ Գրիգորյանը, ով վարչապետին է ուղարկել բնակիչների նամակը, ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել ՓՀԷԿ-ի կառուցմանը, և իր կարծիքն արտահայտել է ժամանակին անցկացված հանրային լսումների ժամանակ: Սակայն ՓՀԷԿ-ը կառուցվեց, և գյուղը հայտնվեց ջրի լուրջ խնդրի առջև:
«Ոռոգում, խմելու ջուր, ամբողջ Դարանակ գետից ենք օգտվում: Երկու ձորակով է իջնում ջուրը, երկու ձորակի ջուրն էլ մտցված է խողովակների մեջ, մենք ջուրը չենք տեսնում: Անասունն էլ, որ գնում է սարն արոտի, հետ է գալիս, գյուղամեջում է ջուր խմում: Մենք խնդրում ու պահանջում ենք, որ ՀԷԿ-ն իր աշխատանքը դադարեցնի, գետը գնա իր հունով», - ասաց Գյուլնազ Գրիգորյանը:
Նշենք, որ «Դարանակ» ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետի և վերջինիս ձախակողմյան վտակ Տանալիխ գետի վրա: ՓՀԷԿ-ի կառուցումը համաֆինանսավորվել է Գերմանա-Հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րֆ փուլի շրջանակներում գերմանական KfW բանկի միջոցներով:
ԷկոԼուրը 2017 թ-ին մոնիտորինգ է իրականացրել ՓՀԷԿ-ում և հայտնաբերել մի շարք խախտումներ: Մոնիտորինգի արդյունքները՝ այստեղ:
Մարտ 05, 2019 at 17:42