Նախկին իշխանությունները թույլատրող փաստաթղթերով մանիպուլյացիա են արել Գեղարքունիքի մարզում IFAD ծրագրի իրականացման համար

Նախկին իշխանությունները թույլատրող փաստաթղթերով  մանիպուլյացիա են արել Գեղարքունիքի մարզում IFAD ծրագրի իրականացման համար

ԷկոԼուր

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ուղղված (IFAD) Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքն ուսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել անկախ փորձագետներ: Նրանք հանդիպում են ունեցել շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես` Աստղաձոր համայնքի բնակիչների և իրենց խնդիրը բարձրաձայնող «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ:

2018 թ. հոկտեմբերին ԷկոԼուրը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր ուղարկել Աստղաձոր համայնքի 40 բնակչի ստորագրությամբ նամակ-բողոք IFAD-ի վարկային միջոցներով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի վերաբերյալ: 2016 թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ իրականացված վարկային ծրագրով կառուցվել է ջրագիծ՝ Աստղաձոր գետի ավազանի ջրերը Զոլաքար համայնքին ուղղելու նպատակով: Արդյունքում գետից նախկինում օգտվող Աստղաձորի բնակիչները մնացել են առանց ջուր:

ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ Աստղաձորի բնակիչները ներկայացրեցին իրենց ակնկալիքները IFAD-ի փորձագետների հետտեղի ունեցած հանդիպումներից:
Բնակիչները հայտնել են փորձագետներին, որ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման համար եղել են մանիպուլյացիաներ նախկին իշխանությունների կողմից:

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թ. եզրակցություն է տվել, որ Զոլաքար գյուղի խմելու ջուրն ունի որակական շեղումներ: Այս եզրակազությունը հիմք է հանդիսացել Զոլաքարին հավելյա ջուր տալ IFAD-ի ծրագրով: Սակայն ծրագրի հաստատումից հետո`մինչ ծրագրի իրականացումը, Առողջապահության նախարարությունը 2015-թ-ին և ապա 2016-2017 թթ-ին տվել է այլ եզրակացություն,որոնց համաձայն, շեղումներ չկան:

Ինչպես երևում է փաստաթղթերից, մինչև ծրագրի իրականացումը Զոլաքար և Աստղաձոր գյուղերն օգտվում էին Աստղաձոր գետի`ընդհանուր 135 լ/վրկ ջրառից:
«Մենք նախկինում ջրի հետ կապված խնդիր չենք ունեցել և նույնիսկ չգիտեինք, թե ջրի բաշխումն ինչպես է կատարվում: Մեր կարծիքով այն հավասար էր: Երբ սկսվեց իրականացվել այդ ծրագիրը, ջրային թույլտվության մեջ, որը ամեն տարի վերանայվում է, առաջ եկավ վերին աստիճանի անհավասար ջրբաշխում` 129 լ/վրկ՝ Զոլաքարին և 6 լ/վրկ՝ Աստղաձորին»,- շեշտեցին բնակիչները:

2018 թ. աստղաձորցի Վարդան Գրիգորյանին ուղղված Բնապահպանության նախարարության պատասխանից երևում է, որ Զոլաքար գյուղին տրամադրվող ջրառն ավելացել է 2016 թ-ին «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» աղբյուրների հաշվին: Ընդ որում, եթե 2015 թ.ջրառը կազմել է 10,8 լ/վրկ, ապա 2016թ-ին հասցվել է 23,1 լ/վրկ-ի:

Նշենք, որ 10,8 լ/վրկ ջրառն իրականացվել է միայն «Գռան» աղբյուրից,որը գտնվում է Զոլաքար գյուղի վարչական տարածքում: Իսկ 2016 թ. տրված ջրային թույլտվությամբ ջրառն իրականացվել է նաև «Մեծ ձորի թմբան տակ» աղբյուրից, որն ապահովում էր Աստղաձոր գետը ջրով: Արդյունքում, գետը զրկվել է այդ ջրից, որն ուղղված է Զոլաքար գյուղ` թողնելով Աստղաձոր գյուղն առանց ջրի:

Ջրային թույլտվությունները և Առողջապահության նախարարության կողմից ներկայացված եզրակացությունները ջրի որակի վերաբերյալ հիմք են հանդիսացել, որպեսզի Գեղարքունիքի մարզպետարանն իր հերթին 2015թ-ին դիմի ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» պետական հիմնարկին, որպեսզի Զոլաքար համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագիրն ընդգրկվի ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի մեջ, որը ֆինանսավորվել է IFAD-ի կողմից:

Աստղաձորի բնակիչները IFAD-ի անկախ փորձագետներին են ներկայացրել առկա փաստաթղթերն ու իրենց մտահոգությունները IFAD-ի կողմից ֆինանսավորված ծրագրի վերաբերյալ:

«Փորձագետները շեշտել են, որ ջրի ակունքը գտնվում է Զոլաքար համայնքի վարչական տարածքում, և հնարավոր է՝ այդ պատճառով է,որ Աստղաձորում հասարակական լսումներ չեն իրականացվել: Խախտվել է աստղաձորցիների՝ ջրի նկատմամբ իրավունքը, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Զոլաքարին ջուր տրամադրելու ջրօգտագործման թույլտվությունը տրվել է առանց հաշվի առնելու մեր շահերը»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ աստղաձորցիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ հարևան Զոլաքար գյուղում լսումներ են կայացել: «Հայտարարությունը տարածվել է միայն «Голос Армении» թերթում, որը հասանելի չէ մեր գյուղում, և նույնիսկ չի իրացվում Գեղարքունիքի մարզում: Մարզպետարանն էլ պետք է իմանար, որ մենք էդ ջուրը օգտագործում ենք և չի պաշտպանել մեր շահերը»,- ասաց նա:

Աստղաձորցի Արամայիս Ասատրյանը վստահ է, որ ջուրը հանրային է և այս դեպքում նշանակություն չունի, թե որ վարչական տարածքում է. «Ընդերքի հարստությունը պետական է, ժողովրդական: Հիմա եթե այդտեղից գազ, ադամանդ դուրս գար, զոլաքարեցին կասե՞ր՝ իմն է միայն: Ասում են` ջուրը բերել ենք բարելավման նպատակով, ումի՞ց եք բերել, թալանել եք հարևան գյուղից: Աստղաձորում հիմա ջրի սով է», - վրդովվեց Արամայիս Ասատրյանը:

Իր մեկնաբանությունը տվեց նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ում հետ նույնպես հանդիպել են IFAD-ի փորձագետները:
«Ես ասացի, որ մարզում օլիգարխների գործողությունների ամենաթողություն է, տարբեր համայնքների վրա ազդեցություն կա, և կամայական որոշումներ են կայացրել: Այն, որ Զոլաքարը հովանավորվում էր մի օլիգարխի կողմից, ով և իր դերն է ունեցել այդ ծրագրի՝ ջրագծի կառուցման գործում: Հաստատել եմ, որ հանրային լսում չի եղել, և բնակիչների կարծիքը հաշվի չեն առել: Հարցրեցին բնակիչների և գյուղապետի հարաբերությունների մասին: Ասացի, որ յուրաքանչյուր գյուղապետ իր տերն ունի, հավատարիմ է իրտիրոջը և չի կարող դուրս գալ նրա դեմ», - ասաց նա:

16:08 Օգոստոս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news