Բիզնեսը նույնպես տուժում է ջրի նկատմամբ իրավունքի խախտումից (Լուսանկարներ)

Բիզնեսը նույնպես տուժում է ջրի նկատմամբ  իրավունքի խախտումից (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզով հոսող Եղեգիս գետի ջրազրկման վերաբերյալ ահազանգերը շարունակվում են: Հերթական ահազանգը սփյուռքահայ գործարար Հովհաննես Ստեփանյանի կողմից է, ով Եղեգիսի ափին տեղակայված Շատին համայնքում չի կարողանում իրագործել պլանավորած գյուղատնտեսական ծրագրեր: Հովհաննես Ստեփանյանը առաջացած խնդիրների մասին լրագրողներին ներկայացրեց «Նոյյան Տապան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Շատին գյուղում Հովհաննես Ստեփանյանը ձեռք է բերել 6000 մ հողատարածք` «Գեղաստղ» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսություն և գյուղական տուրիզմ զարգացնելու համար: Ծրագրով նախատեսվում է Եղեգիս գետի ափին կառուցել ջրաղաց, զարգացնել գոմեշաբուծություն, ջայլամաբուծություն` աշխատանքներում ներգրավելով համայնքի բնակիչներին: Սակայն ծրագրերի իրականացումը այժմ դադարեցված է Եղեգիսի կիրճում առաջացած բնապահպանական խնդրի պատճառով:

«Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը լրագրողներին հայտնեց. «Եղեգիս գետը ցամաքել է: Ուսումնասիրելով՝ դուրս եկանք, որ դա ՀԷԿ-երն են: Մենք բարձրացել, տեսել ենք այդ ՀԷԿ-երը, ահազանգել ենք պատկան մարմիններին: Երբ նրանց փորձում ենք բացատրել, ասում են, որ պատճառը ոռոգման ջրի մատակարարումն է գյուղացիներին, բայց գյուղացիներն էլ ջուր չունեն և պնդում են, որ պատճառը ՀԷԿ-երն են: 2 ամիս առաջ էլ մի ՀԷԿ-ի խողովակ էր պայթել, գետի ջուրը մոտ 50 տոկոսով բարձրացել էր, բայց դա ընդամենը ժամեր տևեց, անմիջապես վերակագնեցին, և ջուրը նորից գնաց խողովակ: Նույնիսկ մեր անասուններին պահպանող շները գալիս, գետից ձուկը հանում են, էդ տեսակ առվակ է դարձել գետը»:

Գործարարները խնդրի վերաբերյալ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

ԷկոԼուրն այցելեց Շատին համայնք: Հուլիսի 18-ի դրությամբ Եղեգիս գետն սակավաջուր էր, իսկ բնակիչները ոռոգման շրջանում մնացել են առանց ջուր: Շատինի բնակիչը նշեց, որ խախտվել են իրենց բնական իրավունքները:

«Մեր գյուղի նման ջրառատ գյուղ չի եղել, ժամանակին մեր գյուղով անցնում էր 3 գետ, իսկ հիմա այդ 3 գետերը հավաքես, իրար հետ մի առվակ չի կազմի: Բազմաթիվ ՀԷԿ-եր են դրել, ու այդ գետերը խողովակների մեջ են: Մեր բնական իրավունքները խախտվել են: Ես այդ գետից կարող էի օգտվել ոռոգման համար, բայց ջուր չկա, իմ այդ իրավունքը խախտվել է: Որպես քաղաքացի ես կարող էի գնալ, նստել գետի ափին, հանգստանայի, լողանայի, բայց չկա, իմ այդ իրավունք էլ է խախտվել», - ասաց Շատինի բնակիչ Արարատ Ղարիբյանը:

«Այն հատվածում, որտեղից ջուրը վերցրել են խողովակի մեջ, ծառերը չորանում են, ջուր չկա, մի հատ կարմրախայտ չես կարող գտնել, որ մեր բնության զարդն էր, օդն էլ է չորացել», - հավելեց նա:
Շատինի բնակչուհի տիկին Թամարան էլ հայտնեց, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մարդիկ ստիպված իրենց այգիները ջրում են խմելու ջրով: Իսկ երբ խմելու ջրով ոռոգում են անում, ապա գյուղի բնակիչների մի մասը մնում է առանց ջուր:

Եղեգիս գետի և նրա վտակների վրա շահագործվում է 16 փոքր ՀԷԿ: Մյուս կողմից Եղեգիս գետի ջուրը վերցվում է Խանջյան տանող ջրագիծ ոռոգման համար: ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 927- Ն որոշմամբ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս, որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը։ Սա նշանակում է, որ ՓՀԷԿ-երի և ոռոգման խողովակաշարներից դուրս Եղեգիս գետում մնում է ամենասակավաջուր տարվա հոսքը: Հետևաբար, Եղեգիս գետի ափամերձ համայնքները, այդ թվում Շատինը մնում են ջրազրկված, և մարդկանց հիմնարար իրավունքները` ոտնահարված:

Օգոստոս 01, 2017 at 18:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր