Համաշխարհային բանկը վստահեցնում է, որ Քաղցրաշենի ծրագրի ազդեցության գնահատման մեջ հաշվի կառնվեն բոլոր կարծիքները

Համաշխարհային բանկը վստահեցնում է, որ Քաղցրաշենի ծրագրի ազդեցության գնահատման մեջ հաշվի կառնվեն բոլոր կարծիքները

ԷկոԼուր

Գառնիի բնակիչները և հասարակության ներկայացուցիչները չհամաձայնվեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի վերբերյալ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից բերված փաստարկների հետ: Մարտի 11-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ  Գառնի համայնքի և հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին ՀԲ-ի փորձագետների և «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից Քաղցրաշենի ծրագրի ղեկավարների հետ:

Հանդիպման առիթը ՀԲ-ին ուղղված նամակն է Քաղցրաշենի ծրագրի չաշխատող լինելու մասին, տնտեսական, էկոլոգիական և սոցիալական ասպեկտներում Քաղցրաշենի ծրագրի ռիսկերի եւ ծրագրի վերաբերյալ անցկացվող հանրային քննարկումների ժամանակ խախտումների մասին:

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ծրագրի նպատակն է՝ ապահովել Արարատի մարզի 12 համայնքների ոռոգումը, որի համար ջուր պետք է վերցվի Գառնի և Կոտայքի մարզի այլ համայնքներով հոսող Ազատ գետից, որը նաև  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ջրային սահմանն է:

Գառնի համայնքի բնակիչների, բնապահպանների, ակտիվիստների և շատ անկախ փորձագետների պնդմամբ գետում չկա բավարար քանակությամբ ջուր Գառնի համայնքի և հարակից գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման համար ջրային ռեսուրսների վատ կառավարման, չափից ավել ջրօգտագործման, ինչպես նաև բնական գործոնների արդյունքում: Ազատ գետում չափից ավելի ջրօգտագործման ռիսկերից մեկը ամենահայտնի և առավել այցելվող զբոսաշրջային ուղիներից մեկի՝ Գառնիի կիրճի լանդշաֆտի փոփոխությունն է, ինչպես նաև ափամերձ լանդշաֆտի խախտումը և «Խոսրովի անտառ» արգելոցի կենսաբազմազանության ոչնչացումը:

«Գառնին ուղղակի համայնք չէ, այլ զարգացած տուրիստական կենտրոն, և անտեսել սա չի կարելի», - ասաց Գառնիի բնակիչ և լրագրող Սառա Պետրոսյանը: Իսկ Գառնիի բնակիչ, ինժեներ-հիդրոլոգ Ալբերտ Հարությունյանը հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս է ծածկվելու ջրի դեֆիցիտն Ազատ գետում, եթե ամռանն այն կազմում է 600 լ/վրկ»:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն անվստահություն հայտնեց նախագծի տեխնիկական հիմնավորման մեջ նշված թվերի վերաբերյալ. «Պետք է պարզապես հաշվարկել և գումարել Ազատ գետից ջրի սպառման թվերը և համեմատել տեխնիկական հիմնավորման հետ: Նախագծով էկոլոգիական թողքը պետք է կազմի 850 լ/վրկ: Եթե դրան ավելացնենք խմելու ջրի ծավալը՝ 1.56 խմ/վրկ, ևս 1 խմ/վրկ, որը սպառում է Գառնի համայնքն ամռանը, նաև գումարենք Գողթ համայնքի կողմից վերցվող 300 լ/վրկ ոռոգման ջրի քանակը, ապա կստացվի, որ եթե Արարատի մարզին ջրով ապահովելու համար մոտավորապես ևս 1 խ/մ ջուր վերցնեն, ապա բոլորը միասին կկազմի մոտ 4,71 խմ/վրկ: Որտե՞ղ եք դուք տեսել ջրի նման քանակություն Ազատ գետում հուլիս-օգոստոս ամիսներին», - ասաց Լևոն Գալստյանը և հավելեց, որ միայն սրա համար Քաղցրաշենի ծրագիրը պետք է ճանաչվի չաշխատող կամ աշխատող միայն ամենաանձրևաշատ տարիներին, այսինքն, մոտավորապես 5 տարին մեկ անգամ:

ՀԲ-ի փորձագետների դիրքորոշումը համոզիչ չէր և կայանում էր նրանում, որ հասարակության և բնակիչների կողմից ոռոգման համար առաջարկված տարբերակները կամ շատ թանկ արժեն, կամ էլ պարզապես «ֆանտաստիկ» են (առաջարկում էին օգտագործել արևային էներգիա և ջուրը պոմպով քաշել ոչ թե Ազատ գետից, այլ, օրինակ, Արաքսից): Իրականում բնապահպանական փորձաքննությանը ներկայացված Քաղցրաշենի ծրագրում այլընտրանքային տարբերակներ չեն ներառվել և չեն քննարկվել:

Նաև բարձրացվեց հարց՝ որքանով է այս ծրագիրն անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Դուք մտադիր եք խլել Գառնիի 8000 բնակչի ջուրը և տրամադրել Նարեկ գյուղի 800 բնակիչներին», - հայտարարեցին Գառնիի բնակիչները:

ԷկոԼուրի կարծիքով (արտահայտել է քննարկման մասնակից, «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը)՝ աղքատ բնակչության վերաբերյալ փաստարկը, որը ՀԲ-ի փորձագետ Վինսթոն Յունի խոսքով պետք է լուծվի Քաղցրաշենի ծրագրի շրջանակներում, համոզիչ չէ: Այն հողերը, որոնք ենթակա են ոռոգման տվյալ ծրագրի շրջանակներում, պատկանում են ոչ թե աղքատ բնակիչների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այստեղ ակնհայտ է շահերի բախում: Միայն տվյալ ծրագրից օգտվողները չէ, որ մարելու են վարկը: Այն ընկնելու է Հայաստանի ողջ բնակչության ուսերին: Այսինքն, ծրագրում պետք է հաշվի առնվի հասարակական շահը: Բացի այդ, ՀԲ-ն ունի իր ստանդարտները և ընդունած սոցիալական և էկոլոգիական քաղաքականությունը: Բայց քննարկվող ծրագրում հաշվի չեն առնված ոչ այդ ստանդարտները, ոչ էլ սոցիալական և էկոլոգիական պատասխանատվությունը: ՀԲ-ի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն առարկեց, որ ՀԲ-ն պատրաստել է Քաղցրաշենի ծրագրի սոցիալական և էկոլոգիական ազդեցության սեփական գնահատականը:  Նրա խոսքով՝ ծրագրին չհամաձայնող բնակիչների կարծիքը հաշվի է առնված այդ գնահատականի մեջ:

ՀԲ-ի ներկայացուցիչները խոստացան ծանոթացնել արձանագրություններին, որոնցում արտացոլված են արտահայտված կարծիքները և գնահատականները: 

18:38 Մարտ 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news