ԷկոԼուրի մշակած ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմքում

ԷկոԼուրի մշակած ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմքում

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով արգելվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը 25 գետի վրա.

1) Արգիճի, 2) Մասրիկ, 3) Կարճաղբյուր (Մաքենիս), 4) Լիճք, 5) Ծակքար, 6) Վարդենիս, 7) Գավառագետ, 8) Ձկնագետ, 9) Ոսկեպար, 10) Մեծամոր, 11) Եղեգիս, 12) Որոտան, 13) Ախուրյան, 14) Աղստև, 15) Արփա, 16) Բախտակ, 17) Դեբեդ, 18) Դեբեդ գետի Կիստում վտակ, 19) Դեբեդ գետի Ձորագետ վտակ, 20) Աղստև գետի Գետիկ վտակ, 21) Որոտան գետի Դալի վտակ, 22) Հրազդան գետի Մարմարիկ վտակ, 23) Ազատ գետի Գողթ վտակ, 24) Եղեգիս գետի Կարակայա վտակ, 25) Կարակայա վտակի Այսաս վտակ։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ «Գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները: Ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության և գետի երկարության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով»:

Նշենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնը նախարարությանը տրամադրել են միայն գետերում կարմիրգրքյան տեսակների վերաբերյալ տեղեկատվություն: Իսկ ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդն առաջին անգամ մշակել և կիրառել է ԷկոԼուրը դեռ 2014թ-ին՝ գնահատելով ՓՀԷԿերով ծանրաբեռնված գետերի ռիսկերը, այնուհետև նույն մեթոդով ԷկոԼուրը հաշվարկվել է 70 գետի ծանրաբեռնվածությունը փոքր ՀԷԿ-երով 2014-2018թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի շրջանակներում: Հենց այս ծրագրերի շրջանակներում է նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ/Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, որպես Ծրագրի փորձագետ, ուսումնասիրել գետերի ձկնաշխարհը, որոնց մասին վերջին ամենաթարմ տվյալները հրապարակվել են 2018թ-ին` «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ- կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքները» աշխատության մեջ:

Այս ծրագրերի իրականացմանը մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, ում տրամադրվել են ծրագրի արդյունքները, այդ թվում ՓՀԷԿ-երի խողովակաշարերով ծանրաբեռնված գետերի ցանկը: Սակայն նախարարությունը, օգտագործելով ԷկոԼուրի՝ գետերի ծանրաբեռնվածության հաշվարկի մեթոդը և ծրագրերի արդյունքները, չի նշել մեթոդի հեղինակին՝ խախտելով ԷկոԼուրի հեղինակային իրավունքը: Այնուամենայնիվ, ողջունելի է, որ ԷկոԼուրի և Ծրագրերի փորձագիտական թիմի կատարած աշխատանքը շարունակում է տալ իր արդյունքները և օգտագործվել ՓՀԷԿ ոլորտի խնդիրների լուծման գործում:

14:19 Ապրիլ 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news